Ինեկոբանկն ու ՎԶԵԲ-ը $30 միլիոն կուղղեն Երեւանում «կանաչ» բնակելի համալիրի կառուցմանը

29.04.2026 | 11:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ինեկոբանկ #ՎԶԵԲ

Ինեկոբանկն ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) միավորում են ջանքերը՝ աջակցելու Երեւանում ժամանակակից, բազմաֆունկցիոնալ «կանաչ» բնակելի համալիրի կառուցմանը։ 


Ռիսկերի բաշխման գործիքի (RSF) շրջանակում տրամադրվող մինչեւ $30 միլիոն ընդհանուր արժեքով վարկն ուղղվելու է քաղաքաշինության զարգացմանը եւ Հայաստանում էներգաարդյունավետ շինարարության ստանդարտների ներդրմանը։

Վարկը կտրամադրվի «Նուովո Վելոդրոմո» (Nuovo Velodromo) ՍՊԸ-ին, որը պատկանում է իտալական առաջատար «Ռենկո» (Renco Group S.P.A.) շինարարական ընկերությանը եւ հայաստանյան Ադամիում ընկերությունների խմբին։  

Նախագծով նախատեսվում է կառուցել շուրջ 47,000 քմ ընդհանուր մակերեսով համալիր, որի ընդհանուր արժեքը գնահատվում է շուրջ $92 միլիոն։

Այս նախագիծն առանձնահատուկ է նրանով, որ հավակնում է ստանալ միջազգային LEED «Gold» հավաստագիրը։ Շինարարությունն իրականացվելու է բացառիկ որակով եւ բարձր էներգաարդյունավետությամբ, ինչի արդյունքում ՎԶԵԲ-ի կողմից տրամադրվող միջոցները կդասակարգվեն որպես «Կանաչ տնտեսությանն անցման» (GET) ֆինանսավորում։

«Մենք կարեւորում ենք մեր մասնակցությունը նման լայնածավալ եւ նորարարական նախագծերին, որոնք ոչ միայն խթանում են մասնավոր հատվածի զարգացումը, այլեւ ձեւավորում են շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու շինարարության մշակույթ Հայաստանում։ ՎԶԵԲ-ի հետ մեր հերթական համագործակցությունը թույլ է տալիս մեզ ավելի մեծ թափով աջակցել տեղական ձեռնարկություններին եւ նպաստել քաղաքային միջավայրի բարելավմանը»,- ասել է Ինեկոբանկի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արտյոմ Չիչյանը:

«Անշարժ գույքի ոլորտի այս նշանակալի նախագիծն ընդգծում է ՎԶԵԲ-ի հաստատակամ հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանում մասնավոր հատվածի բարձրորակ ներդրումներին։ Մեր վաղեմի գործընկեր Ինեկոբանկի հետ համագործակցության միջոցով մենք խթանում ենք շինարարության միջազգային ստանդարտները, առաջ մղում էներգաարդյունավետ լուծումները եւ կարեւոր նշաձող սահմանում երկրում կայուն քաղաքաշինության համար»,- նշել է ՎԶԵԲ Թուրքիայի եւ Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտին:

Այս գործարքը ՎԶԵԲ-ի եւ Ինեկոբանկի միջեւ RSF գործիքի ներքո իրականացվող չորրորդ հաջողված համագործակցությունն է։ Այն լիովին համահունչ է ՎԶԵԲ-ի՝ Հայաստանի համար մշակված ռազմավարությանը, որի նպատակն է բարձրացնել մասնավոր հատվածի մրցունակությունը եւ ամրապնդել կորպորատիվ թափանցիկությունը։

Ինեկոբանկը տարածաշրջանի առաջատար բանկերից է, որն առաջարկում է մանրածախ ու կորպորատիվ բանկային ծառայություններ` ուղղված յուրաքանչյուր անհատի եւ բիզնեսի ֆինանսական կարիքներին: Բանկը նաեւ ՎԶԵԲ-ի վստահելի եւ երկարամյա գործընկերն է մի շարք ռազմավարական նախաձեռնություններում՝ այդ թվում կանաչ ֆինանսավորման եւ մասնավոր հատվածի կայուն ու նորարարական զարգացումը խթանելու ուղղությամբ։

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) միջազգային ֆինանսական հաստատություն է, որը խթանում է մասնավոր հատվածի զարգացումը եւ ձեռնարկատիրական նախաձեռնությունները 3 մայրցամաքների ավելի քան 30 երկրում։ ՎԶԵԲ-ը շարունակում է մնալ Հայաստանի առաջատար ինստիտուցիոնալ ներդրողներից մեկը՝ մինչ օրս 243 նախագծում ներդնելով ավելի քան €2,95 միլիարդ։
Դիտում՝ 4683

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW