Հայէկոնոմբանկը $15 միլիոնին համարժեք դրամային վարկային պայմանագիր է ստորագրել Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ, որը նշանավորում է տեղական արժույթով ԱԶԲ-ի առաջին վարկային գործարքը Հայաստանում։ Բանկից հայտնել են, որ երկրորդ՝ $4 միլիոնի ֆինանսավորումը հնարավոր է դարձել Կանադայի կառավարության ֆինանսական ներգրավվածության շնորհիվ՝ Ասիայի մասնավոր հատվածի համար նախատեսված Կանադայի կլիմայի եւ բնության հիմնադրամի (CANPA) միջոցով: Ֆինանսավորման փաթեթը, որը ներառում է ԱԶԲ-ի կողմից տրամադրված $15 միլիոնին համարժեք դրամային վարկը եւ $4 միլիոնի CANPA վարկը, կուղղվի միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսավորման ընդլայնմանը, այդ թվում կանանց կողմից ղեկավարվող բիզնեսներին, ինչպես նաեւ կլիմայական եւ «կանաչ» վարկավորման ծավալների աճին։«Մենք բարձր ենք գնահատում Ասիական զարգացման բանկի հետ շարունակաբար ամրապնդվող մեր գործընկերությունը։ ԱԶԲ-ի դերը Հայաստանում եւ տարածաշրջանում զարգացման նախաձեռնությունների առաջխաղացման գործում չափազանց կարեւոր է։ Մենք նաեւ ողջունում ենք Կանադայի կառավարության ներգրավվածությունը, որը արտացոլում է միջազգային համագործակցության եւ տնտեսական առաջընթացին ուղղված համատեղ հանձնառության կարեւորությունը։ Մենք ակնկալում ենք հետագայում եւս ընդլայնել մեր համագործակցությունը եւ միասին հասնել նոր ձեռքբերումների», - նշել է Հայէկոնոմբանկի Գործադիր տնօրեն Արտակ Առաքելյանը։«Այս գործարքը կարեւոր հանգրվան է Հայաստանի համար։ Սա մասնավոր հատվածի համար ԱԶԲ-ի առաջին գործառնությունն է երկրում, որն իրականացվում է Կանադայի կառավարության աջակցությամբ։ Այն առանձնահատուկ է իր կառուցվածքով, որը համատեղում է առեւտրային վարկավորումը արտոնյալ ֆինանսավորման հետ։ Արտոնյալ բաղադրիչը խթանող դեր ունի․ այն հնարավորություն է տալիս Հայէկոնոմբանկին արագացնել իր կանաչ եւ կայուն ֆինանսավորումը՝ փորձարկելով, ընդլայնելով եւ ընդգրկելով ավելի մեծ թվով հաճախորդների։ Այս գործընկերությունը խթանում է ֆինանսական եւ ինստիտուցիոնալ նորարարությունը՝ ապահովելով էական զարգացման հնարավորություն Հայաստանի համար։ Հուսով ենք, որ սա մեր բազմաթիվ ապագա համագործակցություններից առաջինն է»,- ասել է ԱԶԲ-ի հայաստանյան մշտական առաքելության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լյուք Ֆոչթմանը:«Կանադայի դեսպանությունը շարունակաբար աշխատում է Կանադա–Հայաստան հարաբերությունների ամրապնդման համար: Ուրախ եմ այսօր այստեղ լինել ԱԶԲ-ի եւ Հայէկոնոմբանկի հետ՝ նշելու այս կարեւոր համագործակցությունը։ Կանադայի համար պատիվ է աջակցել այս նախագծին։ Սա Հայաստանում Կանադայի Կլիմայի ֆինանսավորման ծրագրի շրջանակում ԱԶԲ-ի միջոցով իրականացվող առաջին ֆինանսավորման պարտավորությունն է, եւ այն կարեւոր փուլ է մեր գործընկերության համար»,- նշել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էնդրյու Թըրները:Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 502