Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի հետ աշխատանքային քննարկել է թոշակների բարձրացման հարցը:Փաշինյանը նշել է, որ կառավարության առաջիկա նիստում դե յուրե որոշում պետք է կայացվի թոշակները 10 000 դրամով բարձրացնելու վերաբերյալ եւ հետաքրքրվել, թե որ քաղաքացիներին է դա վերաբերում եւ որ քաղաքացիներին՝ ոչ: Արսեն Թորոսյանի խոսքով՝ մոտ 600 000 քաղաքացու թոշակ կբարձրանա ուղիղ 10 000 դրամով. «Կան մարդիկ, որոնց դեպքում ավելին է բարձրանում, քան նույնիսկ 10 000-ը։ Եվ այստեղ կա բացատրություն՝ ինչով է դա պայմանավորված: Կան երկարամյա զինվորական ծառայության կենսաթոշակառուներ, որոնց դեպքում կենսթոշակը հաշվարկելու բանաձեւը մի փոքր այլ է: Այնտեղ երկու ցուցանիշ ենք փոխում, եւ դրա արդյունքում ստացվում է, որ շատ զինծառայողների դեպքում, օրինակ, կենսաթոշակը կբարձրանա 15.000 դրամով: Ունենք դեպքեր, որ ավելի, եւ շատ քիչ դեպքերում, որոնց կենսաթոշակը նաեւ արդեն բարձր է, 90.000 դրամից, կբարձրանա, ասենք՝ 5, 6, 7 հազար դրամով»:Անդրադառնալով հարցին, թե արդյոք այս բարձրացմամբ միջին կենսաթոշակը կլինի նվազագույն սպառողական զամբյուղից ոչ ցածր՝ Արսեն Թորոսյանը նշել է, որ վերջին տվյալներով՝ 2025 թվականի երրորդ եռամսյակ, պարենային նվազագույն սպառողական զամբյուղը 61.768 դրամ է։ «Նախորդ եռամսյակի մեր միջին կենսաթոշակը՝ դեռ չբարձրացրած, 49.451 դրամ է։ Այս նոր բարձրացումով այն դառնում է 59.191 միջինը։ Այսինքն՝ միայն կենսաթոշակը՝ առանց հետվճարի կոմպոնենտի, որը մենք կրկին հունվարի մեկից բարձրացրել էինք, արդեն մոտենում է նվազագույն սպառողական զամբյուղին: Բայց մենք ունենք նաեւ հետվճար: Արդեն ունենք 415 000 քաղաքացի, որ ստանում է այդ հետվճարը, եւ միջինն այսօր 7000 դրամ է: Երբ գումարում ենք 59000-ին 7000, արդեն ստացվում է 66000 դրամ, որը բարձր է նվազագույն սպառողական զամբյուղից 4500 դրամի չափով»: Խոսելով 10 000 դրամով թոշակների ավելացման մասին՝ Փաշինյանն ընդգծել է, որ 2025 թվականի կանխատեսումներով տնտեսական աճը պետք է լիներ 5.1%, սակայն եղել է 7.2%. «Թոշակների բարձրացումը տնտեսական աճի կոնկրետ թվային արտահայտությունն է»: Tweet Դիտում՝ 346