«Իզի Փեյ» (EasyPay) ընկերությունը, հավատարիմ մնալով թափանցիկության, պատասխանատվության եւ հանրային շահի առաջնայնության իր սկզբունքներին, ներկայացնում է իր դիրքորոշումը հեռահաղորդակցության օպերատորների հետ ձեւավորված իրավիճակի վերաբերյալ: «Վերջին շրջանում «Վիվա Արմենիա», «Թիմ Տելեկոմ» եւ «Յուքոմ» ընկերությունների կողմից ներկայացված համագործակցության նոր պայմանները, մասնավորապես՝ միջնորդավճարների 40-50%-անոց կտրուկ կրճատման պահանջը, կրում են միակողմանի բնույթ եւ չեն համադրվում փոխշահավետ համագործակցության եւ տնտեսական հիմնավորվածության սկզբունքների հետ։ Միեւնույն ժամանակ, տեղեկատվական հոսքում նկատվում է մոտեցում, որի համաձայն՝ հեռահաղորդակցության ծառայությունները դիտարկվում են հանրային կարգավորման ներքո գործող կոմունալ ծառայություններին բնորոշ տրամաբանությամբ։ Այս համատեքստում հարկ ենք համարում նշել, որ կոմունալ ծառայությունների սակագները սահմանվում են պետական կարգավորման մեխանիզմներով եւ գործում են մրցակցային դաշտից դուրս, մինչդեռ հեռահաղորդակցության օպերատորները մասնավոր բիզնես սուբյեկտներ են եւ գործունեություն են իրականացնում ազատ շուկայական եւ մրցակցային պայմաններում։ EasyPay-ը ծառայությունների անվտանգությունն ու անխափանությունը ապահովում է շարունակական ներդրումների միջոցով՝ տեխնիկական հուսալիության, կիբերանվտանգության, ինքնասպասարկման տերմինալների սպասարկման, ինչպես նաեւ թվային եւ ֆիզիկական ենթակառուցվածքների արդյունավետ կառավարման ուղղություններով։ Նշված գործոնները վճարահաշվարկային ծառայությունների որակի ապահովման օբյեկտիվ բաղադրիչներ են եւ անմիջական ազդեցություն ունեն ծառայության ինքնարժեքի ձեւավորման վրա։ Միաժամանակ վճարահաշվարկային ծառայությունների առանձնահատկությունները, մասնավորապես՝ հեռահաղորդակցության ոլորտում մանրադրամների մուտքագրմամբ ուղեկցվող գործարքների մեծ ծավալը եւ հետեւաբար կանխիկ դրամական միջոցների ինտենսիվ Public շրջանառությունը, պահանջում են գործառնական մեծ ռեսուրսներ, ինչը եւս պետք է հաշվառվի տնտեսական պայմանների ձեւավորման ընթացքում։ Առաջարկվող միջնորդավճարների 40–50%-անոց կրճատումը չի համադրվում գործող ծախսային եւ գործառնական կառուցվածքի հետ եւ էական ազդեցություն ունի ծառայությունների կայուն եւ որակյալ մատուցման հնարավորությունների վրա։ EasyPay-ի կողմից ներկայացված կառուցողական եւ փոխզիջումային մոտեցումները, ցավոք, չեն ստացել համաձայնություն, ինչի արդյունքում հեռահաղորդակցության օպերատորների կողմից իրականացվել է պայմանագրային հարաբերությունների միակողմանի դադարեցում։ Ստեղծված իրավիճակը կարող է սահմանափակել Հայաստանի տարբեր համայնքներում բնակվող օգտատերերի համար EasyPay-ի ենթակառուցվածքների միջոցով վճարումների հասանելիությունը, ինչպես նաեւ առաջացնել լրացուցիչ ռիսկեր՝ շուկայում չկարգավորվող ստվերային միջնորդական լուծումների հնարավոր տարածման տեսանկյունից։ Շուկայական հավասարակշռության եւ արդար մրցակցային միջավայրի պահպանման նպատակով EasyPay-ն արդեն դիմել է Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով եւ Հայաստանի կենտրոնական բանկ։Ընկերությունը վերահաստատում է իր պատրաստակամությունը շարունակելու մասնագիտական երկխոսությունը բոլոր շահագրգիռ կողմերի հետ եւ բաց է բանակցությունների համար՝ համոզված լինելով, որ արդյունավետ համագործակցությունը հնարավոր է բացառապես արդար տնտեսական պայմանների եւ փոխշահավետության սկզբունքի հիման վրա՝ ի շահ Հայաստանի վճարահաշվարկային համակարգի կայուն զարգացման եւ քաղաքացիների շահերի պաշտպանության»,- ասվում է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 347