Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը քննարկել են հունվարի 1-ից ներդրվող Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի մանրամասները: Կառավարությունից հայտնել են, որ հանդիպմանը նշվել է, որ կլինեն շահառուների խմբեր, որոնց փաթեթների արժեքն ամբողջությամբ կվճարվի պետական բյուջեից եւ կլինեն շահառուների խմբեր, որոնք մասամբ կամ ամբողջությամբ կվճարեն իրենց փաթեթների համար: 2026 թվականի հունվարի 1-ից պետական բյուջեից կվճարվի մինչեւ 18 տարեկան եւ 65 եւ ավելի տարիքի, հաշմանդամություն ունեցող եւ սոցիալական որոշակի շերտերի շահառուների համար: Նախագծով տարեկան փաթեթի արժեքը կկազմի 129 600 դրամ: Քննարկման շրջանակում անդրադարձ է կատարվել նաեւ այն շահառուներին, որոնք ստանում են 200 000 դրամ եւ ավելի աշխատավարձ, ընդգծվել է, որ 2027 թվականի հունվարի 1-ից նրանք կվճարեն փաթեթի տարեկան գումարը, իսկ 2026 թվականի ընթացքում տարբեր վերաբաշխումների արդյունքում իրենք այս ծախսը չեն կատարի: Նշվել է, որ հիվանդությունների վաղ հայտնաբերման եւ կանխարգելման նպատակով կլինեն սկրինինգային ծրագրեր՝ պարտադիր եւ ամենամյա:Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ընտրվել 200 000 դրամ աշխատավարձի շեմը. «Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ 200 000 դրամից ներքեւ աշխատավարձով սեգմենտում աշխատավարձի ստվերն ամենաշատն է: Սրանով լրացուցիչ խթան ենք ստեղծում, որպեսզի քաղաքացիները նաեւ իրենց գործատուներից պահանջեն՝ իրենց աշխատավարձերը ճշգրիտ ֆիքսվի, որպեսզի իրենք մտնեն համակարգի մեջ: Լրացուցիչ խթան պետք է տանք, որպեսզի աշխատավարձի ստվերային հատվածը կրճատվի եւ մարդիկ գան եւ այդ 200 000 շեմից ավելի շեմում սկսեն աշխատել, որպեսզի համակարգից օգտվեն»։ Փաշինյանը նշել է, որ այս համակարգը փոխելու է Հայաստանում առողջապահության իրավիճակը.«Իհարկե, տնտեսության իրավիճակը, որովհետեւ ես հավատում եմ, որ սա կարեւոր բարեփոխում է, այդ թվում՝ տնտեսական զարգացում ապահովելու համար, մարդկանց աշխատանքային պոտենցիալը, ստեղծագործ պոտենցիալը լիարժեք դարձնելու համար»։ Tweet Դիտում՝ 1748