Հայաստան-Իրան առեւտրաշրջանառությունը 2025-ի 1-ին կիսամյակում հասել է $346 միլիոնի

20.08.2025 | 11:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստան #Իրան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստան-Իրան գործարար համաժողովի բացմանն ասել է, որ երկու երկրների միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում տնտեսական հարաբերությունները եւ դրանց զարգացումը կարեւոր նշանակություն ունեն:

«Մենք վերահաստատել ենք մեր նպատակադրումը՝ երկկողմ առեւտրաշրջանառության ծավալը հասցնելու 1 մլրդ եւ ապա՝ $3 միլիարդի: 

Հայաստանի եւ Իրանի միջեւ առեւտրաշրջանառությունը վերջին տարիներին կայուն աճ է արձանագրում: Նախորդ տարի այն կազմել է $748 միլիոն՝ աճելով գրեթե 6%-ով, իսկ 2025 թվականի առաջին կիսամյակում այդ ցուցանիշը հասել է 346 միլիոնի, ինչը նույնպես վկայում է կայուն առաջընթացի մասին։

 Մենք տեսնում ենք ներմուծման ոլորտում տարեցտարի բարձրացող մի նշաձող. միայն այս տարվա առաջին վեց ամսում ներմուծումն Իրանից աճել է ավելի քան 10%-ով՝ հասնելով $300 միլիոնի: Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա այն, չնայած որոշակի նվազմանը, շարունակում է ներառել այնպիսի ապրանքներ, ինչպիսին են էլեկտրաէներգիան, պղնձի խտանյութը, գյուղմթերքը։ Սա հենց այն հիմքն է, որի վրա մենք պետք է կառուցենք ոչ միայն առեւտուր, այլեւ համատեղ արտադրություն, եւ փոխշահավետ ավելացված արժեք ստեղծենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Այս համատեքստում նա կարեւոր է համարել միջսահմանային ենթակառուցվածքների զարգացումը՝ էներգետիկ, տրանսպորտային, լոգիստիկ ոլորտներում։ 

«Հաշվի առնելով Հայաստանի ռազմավարական դիրքը եւ արտաքին հարաբերությունների դիվերսիֆիկացիան՝ Հայաստանը կարող է իրանցիների համար դարպաս հանդիսանալ ինչպես դեպի ԵԱՏՄ, այնպես էլ դեպի Եվրամիության անդամ երկրներ»,- ասել է նա:

Համաժողովին մասնակից Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն էլ նշել է, որ այսօրվա քննարկումների հիմնական նպատակներից էր նպաստել երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ընդլայնմանը եւ առկա խնդիրների ու խոչընդոտների վերացմանը, որոնք կհանդիպեն ներդրողների, արդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալողների ճանապարհին:  

Մասուդ Փեզեշքիանի խոսքով՝ երկկողմ առեւտրաշրջանառության ծավալը $3 միլիարդի հասցնելը բավականին հասանելի է:
Դիտում՝ 2562
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW