Երեւան /Մեդիամաքս/. «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ն /ՀՖԲ/ վերանվանվել է NASDAQ OMX Armenia-ի:Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են բորսայի մամլո ծառայությունում, բորսայի իրավաբանական անվան փոփոխությունը գրանցվել է ՀՀ ԿԲ-ում` ուժի մեջ մտնելով 2009թ. հունվարի 27-ին: «Իրավաբանական անվան փոփոխությունը եւս մեկ քայլ դարձավ NASDAQ OMX-ի գլոբալ ընտանիքում ՀՖԲ-ի եւՀայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի /ՀԿԴ/ ինտեգրման ճանապարհին` հայկական շուկայի համար այս գործընթացի ունեցած բոլոր առավելություններով հանդերձ»,- նշել են NASDAQ OMX Armenia-ում: «NASDAQ OMX Armenia-ն կշարունակի Հայաստանում բորսայական շուկայի կատարելագործմանը եւ շուկայի մասնակիցներին ու թողարկողներին տրամադրվող ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված իր գործունեությունը` Հայաստանում հաճախորդների ամենաբարձր պահանջներին բավարարող արդար եւ իրացվելի շուկա ստեղծելու համար»,- նշել են ընկերությունում: 2008թ. հունվարին շվեդական OMX բորսայական օպերատորը ձեռք բերեց ՀՖԲ-ի եւ ՀԿԴ-ի բաժնետոմսերի 100%-ը: 2008թ.-ի մարտին NASDAQ-ի եւ OMX-ի միավորման արդյունքում ստեղծված NASDAQ OMX Group-ը դարձավ ՀՖԲ-ի եւ ՀԿԴ-ի միակ սեփականատերը: Tweet Դիտում՝ 16449