ՎԶԵԲ-ը «ՎՏԲ Հայաստան բանկին» կտրամադրի $10 մլն

20.01.2009 | 18:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը /ՎԶԵԲ/  միկրո եւ փոքր բիզնեսի վարկավորման նպատակով «ՎՏԲ Հայաստան բանկին» կտրամադրի $10 մլն վարկ:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր Երեւանում համապատասխան պայմանագիր են ստորագրել «ՎՏԲ Հայաստան բանկի» գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովն ու Հայաստանում ՎԶԵԲ-ի ներկայացուցիչ Մայքլ Վայնշթեյնը:

Արարողությանը ներկա ՀՀ Կենտրոնական բանկի /ԿԲ/ նախագահ Արթուր Ջավադյանն ասել է, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում ՎԶԵԲ-ը դադարեցրել է աշխատանքը մի շարք երկրներում, մինչդեռ շարունակում է ակտիվորեն աշխատել Հայաստանում, եւ դա վկայում է հայաստանյան ֆինանսական համակարգի կայունության եւ հուսալիության մասին:

«2008 թվականին ՀՀ բանկային համակարգի ակտիվներն ավելացել են 30 տոկոսով, կապիտալիզացիան՝ 40 տոկոսով»,- ասել է Արթուր Ջավադյանը:

Մայքլ Վայնշթեյնն ասել է, որ «ՎՏԲ Հայաստան բանկի» հետ գործարքը «համահունչ է միկրո եւ փոքր բիզնեսի հատվածին աջակցելու կառավարության ցանկություններին»:

«2008 թվականին Հայաստանում ՎԶԵԲ-ի ներդրումների ծավալը կազմել է $63 մլն՝ ավելանալով 23 տոկոսով»,- ասել է Մայքլ Վայնշթեյնը՝ հավելելով, որ 2009 թվականին բանկը նախատեսում է Հայաստանում ներդնել $80 մլն:

Վալերի Օվսյաննիկովը տեղեկացրել է, որ «ՎՏԲ Հայաստան բանկը» ՎԶԵԲ-ից վարկը կստանա երեք տրանշով, որոնցից առաջինը սպասվում է հունվարի վերջին: 

Խոսելով 2008 թվականի բանկի ցուցանիշների մասին՝ Վալերի Օվսյաննիկովը հայտնել է, որ բանկի ակտիվներն ավելացել են 72 տոկոսով՝ կազմելով 70 մլրդ դրամ, շահույթը կազմել է 3 մլրդ դրամ՝ աճելով 363 տոկոսով: Բանկի ներգրաված միջոցների ծավալը կազմել է 27 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը՝ 23.8 մլրդ դրամ:

Վալերի Օվսյաննիկովը նշել է, որ 2009 թվականին բանկը նախատեսում է բոլոր հիմնական ցուցանիշների 20-տոկոսանոց աճ:

Դիտում՝ 11780
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW