Նոյեմբերյանի պետական քոլեջն էներգետիկ անկախություն կունենա

12.09.2024 | 17:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#Shtigen Group #Telcell
Shtigen Group-ի եւ Telcell ընկերության համատեղ ջանքերով Նոյեմբերյանի պետական քոլեջն էներգետիկ անկախություն ձեռք կբերի։ 24․6 կՎտ հզորությամբ արեւային կայանն ու 300 լիտր տարողությամբ արեւային ջրատաքացուցիչը երկար տարիներ կբավարարեն կրթական հաստատության էներգետիկ կարիքները։

Ծրագրի շրջանակում քոլեջին կտրամադրվեն նաեւ ուսումնական ջրատաքացուցիչներ, դիդակտիկ պարագաներ, անվտանգության համակարգեր (բարձրության վրա աշխատանքների համար), կրթական նյութեր, որպեսզի ուսումնարանում զարգանա նաեւ վերականգնվող էներգետիկայի ճյուղը։

Shtigen Group-ը եւ Telcell-ը դեռ 2022թ․ էին համագործակցության հուշագիր կնքել, ինչի շրջանակում ֆինանսական ոլորտի առաջատար ընկերությունը 7,4 մլն դրամ էր հատկացրել «Արեւածագ Արցախում» նախագծին, որպեսզի Մարտունու արհեստագործական ուսումնարանը լիակատար անցում կատարեր վերականգնվող էներգետիկայի։ Սակայն հայտնի պատճառներով ծրագիրն ավարտին չհասավ։

Նվիրաբերված գումարը նպատակին ծառայեցնելու համար անցած մեկ տարում բազմաթիվ նախագծեր են քննարկվել։ Արդյունքում՝ երկու ընկերությունները կանգ են առել Նոյեմբերյանի պետական քոլեջում էներգետիկ անկախություն հաստատելու ծրագրի վրա, որը նաեւ կրթական բաղադրիչ կունենա։



Նոյեմբերյանի կրթարանում մեկ տասնյակից ավելի մասնագիտական բաժին կա, այդ թվում՝ վերականգնվող էներգետիկայի։ Քոլեջի տնօրեն Կարեն Նազարյանի խոսքով՝ տարեկան մոտ 2 մլն դրամի խնայված միջոցներով կվերանորոգվի մասնագիտական լաբորատորիան, կթարմացվի նյութատեխնիկական բազան, ձեռք կբերեն համակարգչային տեխնիկա։ Նախատեսում են նաեւ գերազանց առաջադիմությամբ ուսանողներին կրթաթոշակ տալ։

«Այս ռազմավարական նշանակության նախագծի շարունակական ընթացքը, անկախ հանգամանքներից, շատ կարեւոր է։ Մեր երկրի առջեւ ծառացած էներգետիկ մարտահրավերները հաղթահարելու համար պետք է համախմբել ջանքերը՝ առանց ժամանակ կորցնելու եւ հետ նայելու։ Ուրախ եմ, որ մեր գործընկերների շարքում են սոցիալական պատասխանատու վարքագիծ որդեգրած այնպիսի ընկերություններ, ինչպիսին Telcell-ն է, որը գիտակցում է էներգետիկ կայունության կարեւորությունը»,- ասում է Shtigen Group-ի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանը։

«Արեւածագ» նախագիծն իրականացվում է Shtigen Group-ի կորպորատիվ ազգային պատասխանատվության շրջանակում․ նպատակն է՝ արեւային տեխնոլոգիաների միջոցով երկրում էներգետիկ անկախություն հաստատել՝ առաջնահերթություն տալով սահմանամերձ բնակավայրերին։

Ի դեպ, «Արեւածագ»-ին նվիրատվություն կարելի է կատարել նաեւ Telcell տերմինալներով եւ Telcell Wallet հավելվածով։

«Կարեւորելով ազգանվեր նախագծերը՝ մենք 17 տարի շարունակ օգնում ենք կյանքի կոչել նախաձեռնություններ, որոնք նպաստում են Հայաստանի բնակչության բարօրությանը։ Կոչ ենք անում ընկերություններին նույնպես ներդրում կատարել եւ օգնել Նոյեմբերյանի պետական քոլեջին էներգետիկ անկախություն ձեռք բերել արեւային տեխնոլոգիաների միջոցով․ դա բազմաթիվ հնարավորություններ կստեղծի ուսանողների համար»,- նշում է Telcell ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը։
Դիտում՝ 2943
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW