Հանցավոր կազմակերպությունը ավելի քան 10 միլիարդ դրամ է հափշտակել

05.09.2024 | 16:48 Գլխավոր էջ / Նորություններ /
ՀՀ քննչական կոմիտեն այսօր հայտնել է անդրազգային հանցավոր կազմակերպության բացահայտման մասին:

ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ ասված է.

«Պարզվել են հանցավոր կազմակերպության մի խումբ անդամների, տուժած թվով 7882 քաղաքացիների ինքնությունները, հափշտակության մեխանիզմը, ինչպես նաեւ՝ հափշտակված գումարների չափը, որոնք, քննության տվյալներով, կազմում են 10 135 167 956 ՀՀ դրամի համարժեք ֆինանսական միջոցներ:

Քննությամբ պարզվել է, որ կազմակերպության անդամները, համացանցային տարբեր հարթակներում շահավետ ֆինանսական ներդրումներ կատարելու պատրվակով, ստեղծել են կեղծ բովանդակությամբ համացանցային կայքեր, վարձակալելով հարմարավետ գրասենյակային տարածքներ, մշակելով վարքագծի կանոններ, կիրառելով կեղծանուններ՝ համակարգչային եղանակով տարբեր երկրների քաղաքացիներից հափշտակել են առանձնապես խոշոր չափերի ֆինանսական միջոցներ եւ ստացել դրանք տնօրինելու եւ օգտագործելու իրական հնարավորություն:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Հայաստանի եւ Ուկրաինայի Հանրապետության մի խումբ քաղաքացիներ, տեւական ժամանակ համակարգչային հափշտակությունների, փողերի լվացման հետ կապված համասեռ հանցագործություններ կազմակերպելու եւ իրագործելու շուրջ նախնական համաձայնություն ձեռք բերելով միմյանց հետ, 2020թ. դեկտեմբերին ստեղծել եւ մինչեւ 2023թ. նոյեմբեր ղեկավարել են կայուն եւ միավորված անդրազգային հանցավոր կազմակերպություն՝ հավաքագրելով եւ ներգրավելով կազմակերպության մոտ երկու հազար անդամների:

Հանցավոր գործունեությունը քողարկելու եւ դրա բացահայտումը անհնարին դարձնելու կամ դժվարացնելու նպատակով ձեռնարկել են մի շարք միջոցներ. հաճախակի ստեղծել եւ փոփոխել են մտացածին ընկերությունների անվանումները, դրամական փոխանցումները կատարելու համար կիրառվող բանկային հաշվեհամարները, կրիպտոհաշիվները, տուժողների անվամբ քողարկել են կիրառվելիք հաշվեհամարները, օգտագործել են ինտերնետ հասանելիության աղբյուրը խեղաթյուրող ծրագրեր, էլեկտրոնային տվյալները պահպանել են համացանցային ամպային տիրույթներում /Cloud/, դրանցում առկա տեղեկատվության հայտնաբերումից զերծ մնալու նպատակով նախատեսել են անակնկալ այցելուների դեպքում համակարգչային սարքավորումների էներգամատակարարումը միաժամանակ դադարեցնելու եղանակ, կիրառել են արտասահմանյան վիրտուալ հեռախոսահամարներ, տեսախցիկները փակված եւ հեռահար եղանակով համացանցին հասանելիություն ստացող բջջային հեռախոսներ, խմբերի կազմում իրավապահ մարմինների աշխատակիցների կամ համագործակցող անձանց ներդրվելուց խուսափելու նպատակով իրականացրել են նոր ներգրավվող աշխատակիցների՝ տարբեր միջոցներով ստուգումներ, աշխատակիցների տվյալների բացահայտումից խուսափելու համար նրանց տրվել են կեղծանուններ ու հերթական համարներ, հրահանգավորել են՝ հնարավոր խնդիրների դեպքում համապատասխան վարքագծի կանոնների վերաբերյալ, տեղադրել եւ գործարկել են էլեկտրոնային տվյալների եւ այլ կրիչների ոչնչացման մեխանիզմներ:

Պարզվել է, որ հանցավոր խմբի անդամներն օգտագործել են դրանց շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը հնարավոր ռիսկերից ապահովագրող՝ գոյություն չունեցող ընկերությունների կայքեր, որոնց մատնանշմամբ, հեռահաղորդակցության ընթացքում տուժողներին մոլորեցնելուց եւ նրանց վստահությունն ամրապնդելուց հետո, ուղղորդել են իրենց կողմից կառավարվող հաշվեհամարներին տարբեր չափերի գումարներ փոխանցել, բանկերի կողմից փոխանցումներ կատարելու թույլտվության համար վճարումներ կատարել։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա հանցավոր կազմակերպության մի խումբ անդամների մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 1-ին մասով եւ 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով:

Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է, եւ անջատված վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան»։
Դիտում՝ 1607
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW