«Լույս». Կարճաժամկետ գործոնով պայմանավորված՝ փետրվարի տնտեսական ակտիվության աճը կտրուկ արագացել է
27.03.2024 | 13:37 Գլխավոր էջ / Նորություններ /


Զեկույցում նշվում է, որ 2024թ. փետրվարի տնտեսական ակտիվության աճը կտրուկ արագացել է, սակայն այն պայմանավորված է կարճաժամկետ գործոնով: Տնտեսական ակտիվության ցուցանիշը փետրվարին կազմել է 16.3%, որը, սակայն, առավելապես պայմանավորված է ոսկերչական գործունեության կտրուկ աճով:
«Սա վտանգավոր է, քանի որ այն ամբողջությամբ հիմնված է արտաքին գործոնների վրա, որոնք անկանխատեսելի են, միջավայրի հանկարծակի փոփոխությամբ պայմանավորված` հնարավոր է գործունեության ամբողջությամբ դադարեցում:
Արդյունաբերության բարձր աճին զուգահեռ, մշակող արդյունաբերության որոշ` ՀՀ տնտեսության համար էական ենթաճյուղեր շարունակում են անկում ապրել: Մասնավորապես, սննդամթերքի, ծխախոտի, հագուստի, քիմիական նյութերի եւ քիմիական արտադրության ենթաոլորտներում 2024թ. հունվարին անկում է գրանցվել: Ստացվում է, որ մշակող արդյունաբերության համեմատաբար կայուն եւ երկարաժամկետ գործունեության տեսակները նվազում են, իսկ կարճաժամկետ գործունեությունն էական աճ է գրանցում՝ վատթարացնելով արդյունաբերության կառուցվածքը:
Արտահանման ծավալները ավելի քան կրկնապատկվել են՝ պայմանավորված ոսկերչական գործունեության աճով: Իհարկե, արտահանման ծավալի աճն առնվազն դրական է այն առումով, որ դեպի ներքին տնտեսություն արտարժույթի ներհոսք է տեղի ունենում, սակայն հաշվի առնելով, որ այս դեպքում գործ ունենք միաժամանակ գրեթե նույն չափով ներմուծման հետ, ապա այդ դրական էֆեկտը զգալիորեն չեզոքանում է: Առավել խնդրահարույց է այն, որ բարձր աճերի ֆոնին ստվերվում է արտահանման գծով առկա խնդիրները, մասնավորապես` մի շարք ապրանքատեսակների արտահանման ծավալների անկումները: Հունվարին էականորեն նվազել են, մասնավորապես, «պատրաստի սննդի արտադրանք» եւ «կենդանի կենդանիներ եւ կենդանական ծագման արտադրանք» ապրանքախմբերի արտահանման ծավալները, խնդրահարույց է նաեւ հանքահումքային ապրանքների արտահանման էական անկումը:
Տնտեսական աճի արագացման պայմաններում հարկային եկամուտներն աճում են բավական դանդաղ տեմպով: 2024թ. հունվար-փետրվարին հարկային եկամուտների աճը կազմել է 7.9%, իսկ համադրելիության բերելու (եկամտային հարկի վերադարձի ցուցանիշը՝ 2023թ. ցուցանիշներում ներառելու) դեպքում աճը կազմում է 3.7%: Բնականաբար, սա մտահոգիչ է՝ հաշվի առնելով ծախսերի ավելի քան 30% աճը, ինչպես նաեւ կառավարության քաղաքականության թիրախները հարկեր/ՀՆԱ հարաբերակցության բարձրացման ուղղությամբ: Այս առումով, կառավարությունը պետք է ակտիվ ջանքեր ձեռնարկի վերը նկարագրված ոսկերչական գործունեությունը հարկելու համար, ինչը մի կողմից կկարգավորի գործունեության այդ տեսակի աճի տեմպը, մյուս կողմից կնպաստի հարկային եկամուտների ավելացմանը»,- ասված է հիմնադրամի վերլուծությունում:
Այն ամբողջությամբ հասանելի է այստեղ:
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
02.04.2025 | 11:36 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: