Մարտի 12-ի նիստում Կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց քաղաքականության տոկոսադրույքը նվազեցնել 0․25 տոկոսային կետով՝ սահմանելով 8․50%: Միաժամանակ, Խորհուրդը ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպո գործիքի տոկոսադրույքը սահմանել է 10.00%, իսկ ՀՀ կենտրոնական բանկի կողմից դրամական միջոցների ներգրավման գործիքի տոկոսադրույքը՝ 7.00%: Խորհուրդը գնահատում է, որ ավելի ցածր վերաֆինանսավորման տոկոսադրույքն անհրաժեշտ է միջնաժամկետում գնաճի 4% մակարդակի եւ գների կայունության նպատակի իրագործման համար: 12.03.2024 | 13:05 ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանել է 8.50% 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել՝ 2024 թվականի փետրվարին կազմելով -1.7%: 12-ամսյա բնականոն գնաճը եւս շարունակել է նվազել՝ հունվարին կազմելով -0.4%:Համաշխարհային տնտեսությունից փոխանցվող գնաճային ազդեցությունները Հայաստանի տնտեսության վրա շարունակում են զգալիորեն թուլանալ։ 2024 թվականի առաջին եռամսյակում համաշխարհային եւ Հայաստանի հիմնական առեւտրային գործընկեր երկրների տնտեսական ակտիվությունը շարունակում է դանդաղել, իսկ տարեկան գնաճը` նվազել։ Այնուամենայնիվ, գնաճային միջավայրը պահպանվում է բարձր մակարդակներում՝ պայմանավորված աշխատաշուկայից ածանցվող գնաճային ճնշումներով: Սպասվում է, որ առաջիկայում հիմնական գործընկեր երկրների կենտրոնական բանկերը կպահպանեն դրամավարկային քաղաքականության զսպող դիրքը, ինչը կարող է ռիսկեր ստեղծել համաշխարհային պահանջարկի կրճատման եւ գնաճի նվազման համար: Մերձավոր Արեւելքում աճող աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում մատակարարման շղթաների խաթարման, ինչպես նաեւ Չինաստանում ֆինասատնտեսական խնդիրների սրման հետեւանքով, առկա են Համաշխարհային տնտեսական աճի դանդաղման եւ միջազգային ապրանքահումքային շուկաներում գների տատանողականության հետ կապված ռիսկեր: 2023 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստանի տնտեսական ակտիվությունը պահպանվել է բարձր մակարդակում, ինչին շարունակել է նպաստել շինարարության եւ առեւտրի ոլորտների բարձր աճը: Արտաքին պահանջարկը դանդաղում է, սակայն ներքին պահանջարկը շարունակում է պահպանվել համեմատաբար բարձր մակարդակներում: Հայաստանում գնաճը շարունակում է մնալ ցածր, ինչին հիմնականում նպաստել են ՀՀ Կենտրոնական բանկի կողմից իրականացված զսպող դրամավարկային քաղաքականությունը, արտաքին հատվածից փոխանցվող գնանկումային ազդեցությունները եւ դրամի արժեւորման հետեւանքները: Միաժամանակ, աշխատուժի առաջարկի ավելացումը որոշակիորեն նպաստել է համախառն պահանջարկի եւ առաջարկի միջեւ անհավասարակշռության կրճատմանը, ինչն էլ արտահայտվել է աշխատավարձերի եւ կոշտ գներով աչքի ընկնող ապրանքների եւ ծառայությունների գնաճի ու գնաճային սպասումների նվազմամբ:Բարձր անորոշության պայմաններում, հաշվի առնելով գների կայունության նպատակին հասնելու իր հանձնառությունը, Խորհուրդն իր քննարկումների ընթացքում դիտարկում է բազմաթիվ սցենարներ: Մի կողմից, Խորհուրդը քննարկել է սցենարներ, որոնց հիմքում ընկած զարգացումները, այդ թվում՝ դեռեւս պահպանվող բարձր գնաճային սպասումները, ինչպես նաեւ երկրի ռիսկի հավելավճարի հետ կապված անորոշությունները, պահանջում է քաղաքականության ավելի կոշտ արձագանք՝ միջնաժամկետում ներքին պահանջարկը զսպելու, գնաճային սպասումները խարսխելու եւ գների կայունության նպատակը ապահովելու համար։ Մյուս կողմից, Խորհուրդը քննարկել է սցենարներ, որտեղ հնարավոր տնտեսական զարգացումները, այդ թվում՝ աշխատուժի առաջարկի շարունակական ընդլայնումը եւ պահանջարկի որոշակի թուլացումը, կձեւավորեն ավելցուկային առաջարկ` հանգեցնելով գնաճի ցածր մակարդակի երկար պահպանմանը: Սա ենթադրում է քաղաքականության տոկոսադրույքի ավելի արագ եւ մեծ չափով նվազման ուղի միջնաժամկետ հորիզոնում գնաճը՝ նպատակային ցուցանիշի շուրջ կայունացնելու համար: Ամփոփելով՝ հավասարակշռելով վերը նշված երկու ուղղությամբ ռիսկերը, ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց շարունակել դանդաղ տեմպերով աստիճանական թուլացումը։ Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները եւ պատրաստ է ձեռնարկել համարժեք գործողություններ՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 4% մակարդակի եւ գների կայունության նպատակի ապահովման համար»,- ասված է ԿԲ հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 1309