Ապրիլի 15-ից կդադարեցվեն գործառնությունները arca.am հավելվածով: Այդ մասին «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն ծանուցել է իր հաճախորդներին:«Հավելվածը մուտք գործեց շուկա 2019 սկզբին՝ որպես մինչ այդ գործող «Վիրտուալ քարտերով» վճարումների համակարգի զարգացման հաջորդ փուլ, և այն ժամանակ շուկայի կողմից սպասված և պահանջված լուծում էր, որն ապահովում էր շուկայում նոր կիրառական փորձառություն և ծառայությունների մի շրջանակ, որն այդ պահին քիչ թվով մասնակիցներին էր հասանելի։ Ըստ էության, arca.am հավելվածը դարձավ նախատիպ և խթան՝ բանկերի կողմից սեփական հավելվածների մշակման և զարգացման համար, և դրանով իսկ մենք կարող ենք հաջողված համարել մեր առաքելությունը։ Այս պահին շուկայում առկա են բազմաթիվ լուծումներ, որոնք, ըստ էության, ծածկում են, որոշ առումներով նույնիսկ գերազանցում են ծառայությունների շրջանակը, որն առկա է մեր հավելվածում։ Արմենիան Քարդ ընկերությունը, հանդիսանալով ԱրՔա ազգային վճարային համակարգի օպերատոր, ինչպես նաև միասնական պրոցեսինգային կենտրոն հայաստանյան բանկերի մեծ մասի համար, որոշում է կայացրել կենտրոնանալ իր ծառայությունների անմիջական շահառու հանդիսացող ֆինանսական կազմակերպություններին տեխնոլոգիական լուծումներ մատուցելու վրա։ Ըստ այդմ, տեղեկացնում ենք, որ 2024 թվականի ապրիլի 15-ից կդադարեցվեն arca.am հավելվածով գործառնությունները։ Մինչ այդ, անհրաժեշտության դեպքում, կարող եք պահպանել Ձեր վճարումների տվյալները, արտահանելով դրանք arca.am կաբինետի WEB տարբերակի համապատասխան բաժիններից, ինչպես նաև դուրս գրել պարբերական վճարների / փոխանցումների, շահառուների տվյալները՝ այլ հարթակներում դրանք հետագայում գրանցելու նպատակով։ Մենք ունենք ապագայի մեծ պլաններ, շուտով ներկայացնելու ենք նոր, ժամանակակից պրոդուկտներ մեր գործընկեր բանկերի համար՝ շարունակելով զարգացնել վճարումների և փոխանցումների ոլորտը Հայաստանում», - ասված է ծանուցման մեջ: Tweet Դիտում՝ 4065