Դեկտեմբերի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Մենք ու Մունք» հայկական ջազի եւ շախմատի երեկոն, որի ողջ հասույթն ուղղվելու է «4090 Բարեգործական» հիմնադրամի շահառու՝ պատերազմի մասնակից ուսանողների կրթավճարի տրամադրմանը։Համերգը կազմակերպվում է ԱրարատԲանկի գլխավոր հովանավորությամբ, Հայաստանի պետական ջազ նվագախմբի եւ Ավագ Մարգարյանի մասնակցությամբ։ Համերգի հատուկ հյուրերն են Լեւոն Մալխասյանն ու Ինգա Արշակյանը։ Միջոցառման գործընկերներն են «Մուսա» գինին, «Չեսիֆայ» ընկերությունը։ Միջոցառումն իրականացվելու է միջազգային «Chess and Jazz» ձեւաչափով, որն առաջին անգամ է ներկայացվում հայ հանդիսատեսին։ Շախմատային սեանսը կմեկնարկի 18:00-ին. նախապես գրանցված մասնակիցները հնարավորություն կունենան շախմատ խաղալ գրոսմայստերներ Տիգրան Պետրոսյանի եւ Էլինա Դանիելյանի հետ՝ միաժամանակ վայելելով ջազ եւ հայկական գինի։ 20:00 կմեկնարկի ջազ համերգը։ Համերգի ընթացքում նվագախմբի կատարմամբ կհնչեն հայ հեղինակների ստեղծագործությունների նոր մշակումներն ու գործիքավորումները։ Մասնավորապես, կներկայացվեն Կոմիտասի, Արտեմի Այվազյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Առնո Բաբաջանյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Ստեփան Շաքարյանի եւ Արմեն Հյուսնունցի ստեղծագործությունները։ Երեկոյի հատուկ հյուր Ավագ Մարգարյանը հանդես կգա բլուլով եւ զուռնայով:«Մենք եւ Մունք»-ն ԱրարատԲանկի երկրորդ համագործակցությունն է «4090 Բարեգործական» հիմնադրամի հետ։ Առաջինը կրում էր «Սիմֆոնիկ Մանսուրյան» խորագիրը։ Վերջինից ստացված ամբողջ հասույթը նույնպես ուղղվել է քառօրյա եւ քառասունչորսօրյա պատերազմների մասնակից շահառուների կրթավճարի տրամադրմանը։ Երեկոյի տոմսերը կարելի է գնել www.tomsarkgh.am կայքից եւ համերգասրահի տոմսարկղից, իսկ կորպորատիվ հայտերի դեպքում՝ info@4090foundation.am: Tweet Դիտում՝ 5867