ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավական համագործակցության գրասենյակի տնօրեն Ալեքսիս Հաֆտվանն ասել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցելու փողերի լվացման եւ ֆինանսական բնույթի այլ հանցագործությունների դեմ պայքարի բոլոր այն նախաձեռնություններին, որոնց անհրաժեշտությունը տեսնում են ՀՀ իրավապահ մարմինները։Այդ մասին նա ասել է նոյեեմբերի 28-ին՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանի հետ հանդիպմանը։ Արսեն Այվազյանը նշել է, որ ՀՀ քննչական կոմիտեի եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան միջեւ բարձր մակարդակով համագործակցությունն արդյունավետորեն շարունակվում է, նշանակալի աշխատանք է ծավալվել տարբեր ուղղություններով ՀՀ քննչական կոմիտեի կարողությունների զարգացման եւ մասնագիտական ռեսուրսների կատարելագործման ուղղությամբ։ Հերթական կարեւոր քայլն այս ուղղությամբ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) հետ համագործակցությամբ փողերի լվացման հանցատեսակի դեմ քրեաիրավական պայքարում հմտությունների զարգացմանը միտված վերապատրաստման ծրագրի մեկնարկն է։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը ընդգծել է, որ որպես փողերի լվացման եղանակ՝ վերջին շրջանում ավելի շատ են կիրառվում հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոցները կրիպտոարժույթների վերածելու, կամ այլ երկրներում անշարժ գույք ձեռք բերելու մեխանիզմները, որոնց դեմ պայքարը ենթադրում է միջազգային լայն համագործակցություն եւ կարողությունների շարունակական զարգացում։ Tweet Դիտում՝ 921