ԿԲ. Վերջին ամիսներին Հայաստանում դիտվում է սպասվածից բարձր տնտեսական ակտիվություն

31.10.2023 | 16:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #գնաճ #տնտեսական ակտիվություն
Հոկտեմբերի 31-ի նիստում Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.5%:

ԿԲ-ից հայտնել են, որ 2023 թ. սեպտեմբերին 12-ամսյա գնաճն ավելացել է՝ ամսվա վերջին կազմելով 0.1%: 12-ամսյա բնականոն գնաճը շարունակել է նվազել եւ սեպտեմբերի վերջին կազմել է -0.1%:

«Վերջին ամիսներին Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում դիտվում է ներքին պահանջարկի որոշակի արագացում: Միաժամանակ, աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ համաշխարհային  տնտեսական աճի հետ կապված անորոշություններն ու միջազգային ապրանքահումքային շուկաներում տատանողականությունն ավելացել են: Գործընկեր երկրներում 12-ամսյա գնաճը դեռեւս պահպանվում է նպատակային ցուցանիշից բարձր մակարդակում: Այս պայմաններում, գործընկեր երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում կշարունակեն վարել զսպող դրամավարկային քաղաքականություն: Արդյունքում՝ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա թույլ գնանկումային ազդեցությունները կպահպանվեն:

Վերջին ամիսներին Հայաստանում դիտվում է սպասվածից բարձր տնտեսական ակտիվություն, որին շարունակում են նպաստել շինարարության եւ ծառայությունների ճյուղերի բարձր աճերը: Դրան զուգահեռ տնտեսությունում շարունակում է ընդլայնվել ներքին պահանջարկը: Արտաքին հատվածից թույլ գնանկումային ազդեցությունների եւ իրականացված զսպող դրամավարկային քաղաքականության պայմաններում պահպանվում է ցածր գնաճային միջավայր, ինչն արտահայտվում է նաեւ աշխատանքի շուկայում աշխատավարձերի աճի տեմպի դանդաղմամբ:

Ստեղծված իրավիճակում ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում նվազեցնել քաղաքականության տոկոսադրույքը: Խորհուրդը հետեւողական է լինելու համարժեք գործողություններով ապահովելու պահանջարկի կարգավորում եւ գնաճային սպասումների կայունացում: Դրամավարկային քաղաքականության նախանշված սցենարում 12-ամսյա գնաճն առաջիկայում կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում, այնուհետեւ աստիճանաբար կավելանա եւ միջնաժամկետում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ:

ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ նախանշված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են։ Ռիսկերի որեւէ ուղղությամբ դրսեւորման պարագայում Խորհուրդը համարժեքորեն կարձագանքի եւ կապահովի գների կայունության նպատակը»,- ասված է ԿԲ հաղորդագրությունում:
Դիտում՝ 1584
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW