Երեւան /Մեդիամաքս/. Դեկտեմբերի 6-7-ը Դիլիջանում կայացել է Հայաստանի IT ընկերությունների ղեկավարների ոչ պաշտոնական ֆորումը, որում քննարկվել են ոլորտին վերաբերող խնդիրները եւ զարգացման հեռանկարները: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ֆորումին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը եւ Պետեկամուտների կոմիտեի ներկայացուցիչները: IT ձեռնարկությունների ղեկավարները բարձրացրել են մի շարք հարցեր. արտադրանքի արտահանման եւ ներկրման հետ կապված դժվարությունները, ինտերնետային կապի վատ որակը, վարկավորման նպատակով ընկերության գնահատման դժվարությունները, IT արդյունաբերության զարգացման նպատակով վենչուրային հիմնմադրամի ստեղծման անհրաժեշտությունը: Ներսես Երիցյանը պատրաստակամություն է հայտնել դիտարկելու IT ընկերությունների բոլոր առաջարկությունները: Նա վերջիններիս կոչ է արել մասնակցել Գյումրիում ստեղծվելիք ազատ տնտեսական գոտուն, ինչպես նաեւ նշել է IT ընկերությունների համար ազատ տնտեսական գոտու ստեղծման հնարավորությունը` Մերգելյանի անվան մաթեմատիկական մեքենաների ինստիտուտի եւ «Մարս» գործարանի շրջանակներում, որոնք փոխանցվել են ռուսաստանյան «Սինտրոնիքս» ընկերության կառավարմանը: Ֆորումում քննարկվել է IT ձեռնարկությունների համար 20%-ոց պետական մասնակցությամբ վենչուրային հիմնադրամի ստեղծման թեման: Խոսելով Հայաստանի IT հատվածի վրա համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի ազդեցության մասին` Ներսես Երիցյանը վստահություն է հայտնել, որ ճգնաժամը հնարավորություն է Հայաստանի համար, քանի որ վերջին 10 տարիների ընթացքում պետությունը լուրջ մակրոտնտեսական ռեսուրսներ է կուտակել: «Հայաստանը կարող է առանց ինֆլյացիոն ճնշումների եռակի անգամ ավելացնել բյուջեյի դեֆիցիտը եւ արտաքին պարտքը, որը կազմում է ՀՆԱ ընդամենը 15%-ը, ինչը ցածր ցուցանիշ է»,- ասել է Ներսես Երիցյանը: Tweet Դիտում՝ 11506