Գործընկերություն՝ ուղղված ՀՀ ենթակառուցվածքներում ներդրումների ավելացմանը

21.12.2022 | 17:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#Միջազգային ֆինանսական կորպորացիա #Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ
Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) եւ Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ ընկերությունը մեկնարկում են նոր համագործակցություն՝ Հայաստանի ենթակառուցվածքներում մասնավոր հատվածի ներդրումների արագացմանը նպաստելու, երկրում աշխատատեղերի ստեղծմանն ու տնտեսական աճին օժանդակելու նպատակով։

Ամունդի-Ակբան ամբողջ աշխարհում առաջին կենսաթոշակային ֆոնդի կառավարիչն է, որ միացել է IFC-ի «Համագործակցության մասին գլխավոր համաձայնագրին»:

Միջազգային ֆինանսական կորպորացիայից հայտնել են, որ համաձայնագիրն ապահովում է զարգացող բազմաթիվ վարկատուների կողմից միասնական փաթեթով ընկերություններին ֆինանսավորում տրամադրելու պարզեցված եղանակ: Ըստ այս համաձայնագրի եւ կենսաթոշակային ֆոնդերի մասին օրենքի, երկու կազմակերպությունները կգնահատեն Հայաստանի ենթակառուցվածքներում խոշոր ծրագրերի ֆինանսավորման իրագործելիությունը եւ հնարավորությունները։

Նշվում է, որ համաձայնագիրն ընդունող վարկատուներն օգտվում են IFC-ի վարկերի սինդիկացման հարթակից, որը զարգացող շուկաներում մասնավոր ընկերությունների համար ավելի քան $100 միլիարդ է ներգրավել:

Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը, ավելի քան $700 մլն կառավարման ներքո ակտիվներով, հայաստանյան առաջատար կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչն է։

«Այս համաձայնագիրը լրացնում է ֆրանսիական Ամունդիի եւ IFC-ի՝ դեռեւս 2018թ.-ին մեկնարկած երկարաժամկետ համագործակցությունը, ըստ որի, վերջիններս հայտարարեցին զարգացող շուկաների վրա կենտրոնացած աշխարհի ամենամեծ նպատակային կանաչ պարտատոմսերի ֆոնդի՝ Amundi Planet Emerging Green One-ի գործարկման մասին: Երկու ընկերությունները միավորել են ուժերը՝ ներդրումային նորարարությունների, կանոնավոր կրթության եւ գիտելիքի փոխանցման ծրագրերի միջոցով կապիտալը զարգացող շուկաներ ուղղելու նպատակով, որոնք նախատեսված են թե՛ թողարկողների, թե՛ ներդրողների համար»,- ասված է հաղորդագրությունում:

«Մեր կողմից կառավարվող ֆոնդերի շահառուների համար արժանապատիվ կենսաթոշակ ապահովելը մեր հիմնական առաքելությունն է։ Միեւնույն ժամանակ, մեր ներդրումների միջոցով Հայաստանի տնտեսության զարգացմանը նպաստելը մեզ համար կարեւոր է։ IFC -ի՝ ամենահեղինակավոր միջազգային հաստատություններից մեկի հետ համաձայնագիրը մեզ կօգնի իրագործել մեր նպատակը»,-նշել է Ամունդի-Ակբա ընկերության գործադիր տնօրեն Ժան Մազեջյանը։

«Կայուն ենթակառուցվածքն առանցքային է զարգացող շուկաներում մարտահրավերներին դիմագրավելու համար, ինչի պատճառով էլ Հայաստանի ենթակառուցվածքներին օժանդակելը IFC-ի առաքելության կարեւոր մասն է։ Կապիտալի մոբիլիզացմամբ մեր նպատակը Հայաստանի ժողովրդի կյանքի վրա մեր ֆինանսավորման դրական ազդեցության ընդլայնումն է», - նշել է Հարավային Կովկասում IFC-ի տարածաշրջանային ղեկավար Իվանա Ֆերնանդես Դուարտեն։
Դիտում՝ 15538
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW