ՀԲ տարածաշրջանային տնօրեն. Հայաստանը հուսալի գործընկեր է

11.11.2022 | 14:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստան #ՀԲ
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր աշխատանքային քննարկում է ունեցել Համաշխարհային բանկի (ՀԲ) խմբի ներկայացուցիչների հետ:

Ինչպես հայտնել են նախարարությունից, Տիգրան Խաչատրյանը բարձր է գնահատել ՀԲ հետ ծավալած արդյունավետ համագործակցությունը եւ վերահաստատել կառավարության պատրաստակամությունը՝ ամրապնդելու փոխգործակցությունը եւ ընդլայնելու համագործակցության շրջանակը:

Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսն իր հերթին ասել է, որ Հայաստանը ՀԲ հուսալի գործընկերն է եւ լավագույն երկրներից է՝ վարկային պորտֆելի կատարողականի առումով:

Նրա խոսքով՝ ՀԲ-ն կշարունակի աջակցել ՀՀ կառավարությանը բարեփոխումների իրականացման գործում՝ հասնելու գործընկերային ավելի բարձր մակարդակի:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարություն-Համաշխարհային բանկ համագործակցության ընթացքին եւ հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է եղել Հայաստանի հետ ՀԲ ռազմավարության առաջնահերթություններին եւ ընթացիկ ծրագրերին` ուղղված պետական հատվածի եւ հանրային ֆինանսների կառավարման ոլորտի բարելավումներին, առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրմանը, էներգետիկայի եւ ենթակառուցվածքների ոլորտների զարգացմանը:
Դիտում՝ 5506

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW