Նախարար. Հայաստանի եւ Իրանի տնտեսական փոխանակումների աճը կկազմի 40%

09.11.2022 | 11:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստան #Իրան
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն Իրանում աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ԻԻՀ նախագահի տեղակալ Մասուդ Միրքազեմի, ԻԻՀ ֆինանսների եւ տնտեսական հարցերով նախարար Էհսան Խանդուզիի հետ:

Տիգրան Խաչատրյանը եւ Էհսան Խանդուզին կարեւորել են հարեւան երկրների միջեւ տնտեսական մի շարք առաջնահերթյուններ, ինչպիսիք են՝ տարեկան $3 միլիարդի առեւտրի իրականացումը, ապրանքների փոխանակման ծավալը 5 միլիոն տոննայի հասցնելը, ինչպես նաեւ ֆինանսական, բանկային եւ առեւտրային ու մաքսային հարաբերությունների պարզեցումն ու զարգացումը:

«Իրանի եւ Հայաստանի միջեւ ընթացող բոլոր բանակցությունների հիմքը երկու երկրների միջեւ երկարատեւ համագործակցությունն է։ Հայաստանի եւ Իրանի առեւտրա-տնտեսական հարաբերությունների մակարդակը $3 միլիարդ հասցնելու նպատակադրումը վկայում է այս գլխավոր հիմքերի մասին»,- ասել է Տիգրան Խաչատրյանը։

Անդրադառնալով երկու երկրի միջեւ տնտեսական փոխանակումների ծավալի արձանագրված 25% աճին՝ նա ասել է, որ այս տարի փոխանակումների ծավալի աճը կկազմի ավելի քան 40%։

Ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ Էհսան Խանդուզին իր հերթին ասել է՝ Իրանի կառավարությունը հետեւում է հարեւան երկրների վարած տնտեսական քաղաքականությանը։

«Շեշտը դնում ենք Կովկասյան տարածաշրջանի վրա։ Հուսով եմ, որ մեր երկրների միջեւ $3 միլիարդի առեւտուր իրականացնելու նպատակը, որն արծարծվել է Իրանի նախագահի եւ ՀՀ վարչապետի հանդիպման ժամանակ, իրականացվելու է հենց այս կառավարության օրոք»,- ասել է նա։
Դիտում՝ 2286

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW