Ուսուցչի օրվա առիթով Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը անակնկալ է մատուցել երկու վաստակաշատ ուսուցիչների՝ ապագա սերնդի կրթության գործում ունեցած նշանակալի ավանդի համար։Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքի միջնակարգ դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Անահիտ Իշխանյանին և Երեւանի Շեւչենկոյի անվան թիվ 42 դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի Անահիտ Մկրտչյանին Fly Arna-ն այսօր նվիրել է Երեւան-Շարմ Էլ Շեյխ երկու անձի համար նախատեսված երկկողմանի ավիատոմսեր՝ իրենց արժանի հանգիստն առաջիկա ամիսների ընթացքում ազգային ավիափոխադրողի հետ կազմակերպելու համար։ «Մեր ապագան մեր երեխաներն են, իսկ ուսուցիչներին բաժին է հասել երեխաներին կրթելու և դաստիարակելու ամենաբարդ և պատասխանատու աշխատանքը։ Այսօր և ամեն օր մենք պարտավոր ենք գնահատել մեր ուսուցիչների ջանքերը, քանի որ իրենց նվիրյալ աշխատանքի արդյունքում է կերտվում ազգը և պետությունը։ Հայկական ազգային ավիաուղիներն այսօր որոշեց անակնկալ մատուցել կրթված և զարգացած սերունդ հղկելու գործում բազմամյա և նշանակալի ավանդ ունեցող երկու ուսուցիչների՝ ի նշան այս մասնագիտության հանդեպ ունեցած հարգանքի և այն կրողների հանդեպ տածած երախտագիտության», - ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:Ուսուցչուհիներ Անահիտ Մկրտչյանն ու Անահիտ Իշխանյանն այսօր հյուրընկալվել են Fly Arna-ի գրասենյակ և ավիաընկերության ներկայացուցչի կողմից ստացել իրենց նվերները։ Tweet Դիտում՝ 15458