Նոյեմբերի 8-9-ին Երեւանում տեղի կունենա երկօրյա միջազգային ֆինանսական համաժողով, որին կմասնակցեն ներդրողներ, վենչուրային ընկերությունների, ընտանեկան գրասենյակների, ֆինանսական կառույցների, մասնավոր ընկերությունների, կառավարությունների եւ դեսպանատների ներկայացուցիչներ: «Այլընտրանքային ներդրումները Հայաստանում» խորագրով համաժողովը կազմակերպվում է Orion Worldwide Innovations-ի եւ BDO Armenia-ի համագործակցությամբ: «Համաժողովի հիմնական նպատակն է Հայաստանում այլընտրանքային ներդրումների աղբյուրների աճի համար հնարավորությունների ստեղծումը: Միաժամանակ, համաժողովը Թվային Ջուղա ցանցի ակտիվացման կարեւոր միջոցառումներից է՝ ի լրումն հայկական ստարտափների համար ներդրումների ներգրավման»,- ասված է հաղորդագրության մեջ: «Երկրների տնտեսական աճը խթանելու գործում այլընտրանքային ներդրումներն էական դեր ունեն եւ նպաստում են ֆինանսական ներդրումների ներհոսքին դեպի տնտեսություն: Դրանք առավելապես ուղղորդվում են դեպի նորարարությունների ֆինանսավորումը, կազմակերպությունների արդյունավետության բարձրացումը եւ խթանում ներդրումների կառավարման ինստիտուցիոնալ միջավայրի ձեւավորումը»,- նշել է BDO-ի Գործընկեր, Խորհրդատվական ծառայությունների ղեկավար Ալեքսանդր Շաղիկյանը:«Տնտեսության այլընտրանքային ֆինանսավորման տեսակներ կարող են լինել մասնավոր կապիտալը, կորպորատիվ վենչուրային կապիտալը, ընտանեկան գրասենյակները: Զարգացած ֆինանսական էկոհամակարգերի ակտիվների կառուցվածքում բանկային վարկային պրոդուկտներից բացի, մեծ դեր ունեն նաեւ այլընտրանքային ներդրումները, որոնց միջոցով ֆինանսները հոսում են դեպի ստարտափներ, նորարարական նախագծեր՝ խթանելով տնտեսական աճը։ Մեր նպատակներից է, վերոնշյալ այլընտրանքային ֆինանսավորման աղբյուրները զարգացնելով, տնտեսության համար ստեղծել նոր հնարավորություններ»,- իր հերթին ասել է «Orion Worldwide Innovations»-ի հիմնադիր տնօրեն Էմմա Առաքելյանը: Tweet Դիտում՝ 16244