Բիլ Գեյթսը որոշել է իր գրեթե ողջ կարողությունը տրամադրել բարեգործությանը

14.07.2022 | 09:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բիլ Գեյթս #Bill & Melinda Gates Foundation
Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը Twitter-ում հայտնել է, որ ապագայում մտադիր է իր գրեթե ողջ կարողությունը նվիրաբերել Bill & Melinda Gates Foundation-ին, որը հիմնել է իր նախկին կնոջ՝ Մելինդայի հետ, հաղորդում է RBC-ն։

«Ես կիջնեմ ներքեւ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում եւ ի վերջո դուրս կգամ դրանից»,- գրել է նա։

Իրական ժամանակում թարմացվող Forbes-ի վարկանիշի համաձայն՝ Գեյթսն այժմ չորրորդ տեղում է մոլորակի ամենահարուստ մարդկանց ցանկում՝ $122,1 միլիարդ կարողությամբ: Նա զիջում է Tesla եւ SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկին, LVMH խմբի սեփականատեր Բեռնար Առնոյին եւ նրա ընտանիքին, ինչպես նաեւ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսին:

Bloomberg-ը Գեյթսի կարողությունը գնահատում է $114 միլիարդ, ըստ գործակալության վարկածի՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում գործարարը նույնպես չորրորդ հորիզոնականում է։

Գեյթսը հայտարարել է, որ թեեւ բարեգործական հիմնադրամը կրում է իր անունը, նվիրատվությունների հիմնական մասը ստացվել է միլիարդատեր Ուորեն Բաֆեթից (ըստ The New York Times-ի՝ Բաֆեթը, ընդհանուր առմամբ, հիմնադրամին հատկացրել է մոտ $36 միլիարդ):

Գեյթսն ասել է, որ այս ամիս կազմակերպությանը կփոխանցի $20 միլիարդ: Դա թույլ կտա հիմնադրամին բարեգործության վրա տարեկան ծախսերը $6 միլիարդից հասցնել $9 միլիարդի։

«Ես շատ հպարտ եմ նրանով՝ ինչպիսի դեր է խաղացել հիմնադրամն այնպիսի լուրջ խնդիրների լուծման գործում, ինչպիսիք են համավարակների կանխարգելումը, երեխաների մահացության նվազեցումը, հիվանդությունների վերացումը, պարենային անվտանգության բարելավումը, կլիմայական փոփոխություններին ադապտացումը, ինչպես նաեւ գենդերային հավասարության եւ կրթության ոլորտներում ձեռքբերումները»,- գրել է նա։

Բիլ եւ Մելինդա Գեյթսերը հիմնադրամը ստեղծել են 2000 թվականին եւ այդ ժամանակից ի վեր մեծածավալ միջոցներ են հատկացրել աշխարհում աղքատության դեմ պայքարին, առողջապահական ծրագրերին, ներառյալ՝ կորոնավիրուսային համավարակի եւ դրա հետեւանքների դեմ պայքարին, ինչպես նաեւ կրթությանը:

Ստեղծման օրվանից հիմնադրամը բարեգործական նպատակներով $79,2 միլիարդ է ծախսել, գրում է Forbes-ը։ 2022 թվականից մինչեւ 2026 թվականը կազմակերպությունը նախատեսում է այդ նպատակներին ուղղել ավելի քան $41 միլիարդ։
Դիտում՝ 9205
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW