«Սբերբանկ»-ը կբարձրացնի աշխատավարձերը՝ ՏՏ մասնագետների արտահոսքը կանխելու համար

01.07.2022 | 16:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Սբերբանկ» #«Ալֆա-բանկ» #աշխատավարձ
«Սբերբանկ»-ը հուլիսի 1-ից բարձրացնում է աշխատակիցների աշխատավարձերը, The Bell-ին հայտնել է աղբյուրը բանկում։ Լուրը հաստատվել է նաեւ բանկի կողմից: Այս կերպ բանկը կփորձի պահել ՏՏ ոլորտի մասնագետներին, որոնք պատերազմի սկզբից զանգվածաբար լքում էին Ռուսաստանը։

The Bell-ի աղբյուրի խոսքով՝ «Սբերբանկ»-ում աշխատավարձերը միջինում կավելացվեն 8,5%-ով, սակայն որոշ ստորաբաժանումներում աճը կկազմի մինչեւ 20%: «Ամենամեծ աճն ուղղված է ՏՏ ոլորտի մասնագետներին, բանկը փորձում է կասեցնել նրանց արտահոսքը։ Փետրվարի 24-ից հետո շատ աշխատակիցներ տեղափոխվեցին, իսկ այլ երկրից հնարավոր չէ հեռավար աշխատել «Սբերբանկ»-ի համար՝ հասանելիությունը բոլոր համակարգերին անմիջապես արգելափակվում է»,- պարզաբանել է նա: Դրա պատճառով, ըստ զրուցակցի, շատ աշխատակիցներ դուրս են եկել աշխատանքից, եւ բանկը փորձում է ներգրավել նորերին եւ պահել եղածներին։

Աշխատավարձերի բարձրացումը «Սբերբանկ»-ի մամուլի ծառայությունը հաստատել է The Bell-ին։ «Մենք հասկանում ենք, որ ֆինանսական կայունությունը կարեւոր է յուրաքանչյուր մարդու համար։ 2022 թվականի հուլիսի 1-ից «Սբերբանկ»-ը կբարձրացնի իր աշխատակիցների աշխատավարձերը, աճը կկազմի միջինում 8,5%: Բանկային շուկայի համար այս դժվարին ժամանակահատվածում մենք ցանկանում ենք, որ թիմը զգա իրական հոգատարություն եւ աջակցություն»,- ասված է բանկի մեկնաբանության մեջ:

Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից հետո ՏՏ ոլորտի մասնագետները սկսել են լքել Ռուսաստանը։ Էլեկտրոնային հաղորդակցությունների ռուսաստանյան ասոցիացիայի տվյալներով՝ մարտին երկիրը լքել է 50-70 հազար մարդ, եւս մոտ 100 հազար մարդ կարող էր մեկնել ապրիլին։

ՏՏ ստորաբաժանումներն առանցքային են թվային ծառայություններ զարգացնող բանկերի համար: Ավելի վաղ «Ալֆա-բանկ»-ը հայտարարել էր ապրիլի 1-ից աշխատավարձերի բարձրացման մասին. բոլոր աշխատակիցներին խոստացվել էր բարձրացնել աշխատավարձը 15%-ով։ Մարտին «Модульбанк»-ը հայտարարել էր աշխատակիցների աջակցության հատուկ ծրագրի մասին, համաձայն որի բոլոր աշխատակիցներին կվճարվի 20% հավելավճար:

«Սա, այսպես ասած, ուշացած պատասխան է «Ալֆա-բանկ»-ին, ինչպես նաեւ պատասխան է գնաճին, ինչը տրամաբանական է»,- «Սբերբանկ»-ում աշխատավարձերի բարձրացման լուրն այսպես է մեկնաբանել Kontakt InterSearch Russia ընկերության բանկային դեպարտամենտի տնօրեն Վերոնիկա Նոգովիցինան:

 «Այլ բանկերում աշխատավարձերի բարձրացման միտում չեմ տեսնում, բայց «Սբերբանկ»-ի որոշումը կարող է լավ ազդանշան լինել մյուս բանկերի համար՝ նույնպես մտածելու այս ուղղությամբ. գները բարձրանում են, իսկ աշխատավարձերը՝ ոչ: Բանկերից մասնագետների սրընթաց արտահոսք չեմ տեսնում, ընդհակառակը, մարդիկ կառչում են իրենց աշխատանքից եւ լավ առաջարկներ են ստանում, երբ փորձում են հեռանալ»,- ասել է նա։

«Սբերի աշխատակիցների բախտն ավելի շատ է բերել, քան բաժնետերերինը։ Բանկն արդեն որոշել է, որ 2000 թվականից ի վեր առաջին անգամ այս տարի շահաբաժիններ չի վճարի»,- գրում է The Bell-ը։
Դիտում՝ 9063
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW