Այսօր՝ հունիսի 28-ին, Երեւանում ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը եւ Վարշավայի ֆոնդային բորսայի (ՎՖԲ) կառավարող խորհրդի նախագահ Մարեկ Դիետլը ստորագրել են Հայաստանի ֆոնդային բորսայի (ՀՖԲ) բաժնետոմսերի հսկիչ փաթեթի վաճառքի վերաբերյալ պայմանագիրը:«Այս ներդրումը մենք դիտարկում ենք որպես երկարաժամկետ եւ ռազմավարական գործընկերություն։ Մեր նպատակն է համատեղ ջանքերով զարգացնել Հայաստանի կապիտալի շուկան եւ մեր բիզնեսը տարածաշրջանում: Մենք նաեւ ակնկալում ենք զարգացնել կապիտալի շուկայի ենթակառուցվածքները, ինչը բիզնեսին հնարավորություն կընձեռի ներգրավել կայուն եւ մատչելի կապիտալ, իսկ հասարակությանը՝ ավելի մասնագիտացված կերպով կառավարել խնայողությունները եւ ներդրումները»,- ասել է Վարշավայի ֆոնդային բորսայի (ՎՖԲ) կառավարող խորհրդի նախագահ Մարեկ Դիետլը: «Մենք հավատում ենք, որ սա կարեւոր փուլ է Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առումով: Վարշավայի ֆոնդային բորսայի նման գործընկեր գտնելով ու գիտակցելով, որ ունենք նույն տեսլականը, մենք կարծում ենք, որ այս գործարքը շրջադարձային կարող է լինել Հայաստանի կապիտալի շուկայի պատմության մեջ: Օգտագործելով Վարշավայի ֆոնդային բորսայի փորձն ու գիտելիքները՝ ՀՖԲ-ն ունի ընդլայնվելու եւ հզոր ֆոնդային շուկա դառնալու լիարժեք ներուժ, որն ունակ կլինի դիմագրավել 21-րդ դարի մարտահրավերներին»,- նշել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:Հիշեցնենք, որ ՎՖԲ կողմից ՀՖԲ ձեռքբերման մտադրության մասին հայտարարվել էր դեռեւս 2020 թ-ի սեպտեմբերի 18-ին, որից հետո իրականացվել են անհրաժեշտ ուսումնասիրությունները, մշակվել է առաջիկա 5 տարվա զարգացման ծրագիր, եւ իրականացվել են անհրաժեշտ կորպորատիվ հաստատումները։ Ի վերջո, ս.թ. մայիսի 24-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը համաձայնություն է տվել գործարքի իրականացմանը։ 24.05.2022 | 11:55 Վարշավայի ֆոնդային բորսան ձեռք կբերի ՀՀ ֆոնդային բորսայի բաժնետոմսերի 65,03%-ը Ըստ այդմ՝ ՎՖԲ-ն ձեռք է բերում ՀՖԲ բաժնետոմսերի 65.03 տոկոսը (967 հատ բաժնետոմս), ՀՀ ԿԲ-ն կպահպանի 25.02 տոկոս մասնակցություն, մնացած 9.95 տոկոսը ՀՖԲ սեփական բաժնետոմսերն են։ Գործարքի արժեքը շուրջ 873 մլն ՀՀ դրամ է, որի մի մասը՝ մոտ 499 մլն ՀՀ դրամ, կվճարվի Բաժնետոմսերի գնման համաձայնության ստորագրումից հետո, իսկ մնացած մասը՝ Բաժնետոմսերի գնման համաձայնությամբ նախատեսված գործընթացների ավարտից հետո։ՎՖԲ-ը կազմակերպում է առեւտուր բաժնետոմսերով, պարտատոմսերով, ածանցյալ գործիքներով, ֆոնդերի բաժնետոմսերով եւ այլ գործիքներով։ Այն Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի ամենամեծ շուկաներից է: 2022 թ. մայիսի վերջի դրությամբ ցուցակված 376 տեղական ընկերությունների շուկայական կապիտալիզացիան կազմել է 585.8 մլրդ զլոտի (128 մլրդ եվրո), իսկ 421 տեղական եւ արտասահմանյան ցուցակված ընկերությունների ընդհանուր շուկայական կապիտալիզացիան՝ 1,165.2 մլրդ զլոտի (254.6 մլրդ եվրո)։ Ավելին իմանալու համար այցելեք www.gpw.pl:ՀՖԲ-ն Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է, որն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առեւտրի, քլիրինգային եւ տեղեկատվական ծառայություններ, այլընտրանքային բորսայական լուծումներ։ Ներկայումս ՀՖԲ-ում ցուցակված է 28 ընկերություն: Tweet Դիտում՝ 12591