Նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանվում է արտարժութային պարտքով (եվրապարտատոմսերով) վճարումների նոր ժամանակավոր ընթացակարգ։ Փաստաթղթի համաձայն՝ Ռուսաստանը կկարողանա արտարժութային պարտքը վճարել ռուբլով, հաղորդում է RBC-ն։«Ռուսաստանի Դաշնության կողմից այն պետական արժեթղթերով արտահայտված պետական պարտքային պարտավորությունների կատարման նպատակով, որոնց անվանական արժեքը նշված է արտարժույթով, Ռուսաստանի Դաշնությունն իրավունք ունի ուղարկել ոչ բանկային վարկային կազմակերպություն, այն է՝ կենտրոնական դեպոզիտարիա, օտարերկրյա դեպոզիտարիայի անունով (առանց դրա ներկայացուցչի անձնական ներկայության) «И» տիպի՝ ռուբլով վարվող հաշիվ բացելու մասին դիմում»,- ասված է հրամանագրի տեքստում։Այս հաշվի շահառուները կլինեն եվրապարտատոմսերի սեփականատերերը։ Ռուբլով վճարումների ինդեքսավորումը կկատարվի Ռուսաստանի ներքին արժութային շուկայում ռուբլու փոխարժեքին համապատասխան։Պուտինի հրամանագրի համաձայն՝ արտարժութային պարտքով ռուբլով վճարումները կհամարվեն «պատշաճ կերպով կատարված»՝ անկախ այն անձանց դիրքորոշումից, ում համար նախատեսված են այդ վճարումները։«Ռուսաստանի Դաշնության եվրապարտատոմսերով պարտավորությունները համարվում են պատշաճ կերպով կատարված, եթե դրանք կատարվել են ռուբլով՝ արտարժույթով պարտավորությունների արժեքին համարժեք գումարով՝ հաշվարկված Ռուսաստանի Դաշնության ներքին արժութային շուկայում ձեւավորվող արտարժույթի փոխարժեքով այն օրվա դրությամբ, երբ Ռուսաստանի Դաշնության կողմից իրականացվել է վճարում կենտրոնական դեպոզիտարիային»,- ասված է փաստաթղթում։ Tweet Դիտում՝ 7889