ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ տեղի է ունենում համաշխարհային տնտեսության թվային վերափոխում։ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում նա ասել է, որ առանց առաջադեմ թվային գործիքների եւ տեխնոլոգիաների տիրապետման՝ դժվար է մրցակցել համաշխարհային ասպարեզում։«Միության թվային օրակարգի ձեւավորման պահից ի վեր արդեն մեկնարկել են մի շարք լայնածավալ նախագծեր, որոնց շնորհիվ մեր երկրների միջեւ տնտեսական հարաբերությունները դարձել են ավելի պարզ եւ թափանցիկ՝ դրանց արդյունավետությունը գնահատելու տեսանկյունից»,- ասել է Փաշինյանը:Նա կարեւորել է նավիգացիոն կնիքների միջոցով բեռնափոխադրումներին հետեւելու համակարգի ձեւավորումը, էլեկտրոնային թվային ստորագրությունների փոխադարձ ճանաչումը:«Հաշվի առնելով ԵԱՏՄ անդամ երկրների հետ ընդհանուր սահմանների բացակայությունը՝ գործընթացների թվայնացումը կխնայի Հայաստանի ժամանակն ու նյութական ռեսուրսները։Լոգիստիկան թվային լուծումներ պահանջող եւս մեկ ոլորտ է: Այս համատեքստում ցանկանում եմ ընդգծել անդամ պետությունների՝ տրանսպորտային ենթակառուցվածքների, բազմամոդուլ լոգիստիկ կենտրոնների եւ եվրասիական տրանսպորտային միջանցքների ստեղծման եւ զարգացման վերաբերյալ համակարգման եւ փոխգործակցության համաձայնեցված առաջարկների մշակման կարեւորությունը: Հայկական կողմը մեծապես կարեւորում է Չինաստանի հետ երկխոսության եւ համագործակցության զարգացումը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ռազմավարական նախաձեռնության իրականացման գործում»,- ասել է նա:ՀՀ կառավարությունից հայտնում են, որ Եվրասիական տնտեսական միության երկրների վարչապետները քննարկել եւ ընդունել են ներքին շուկայի ամրապնդմանը, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, մաքսային սակագների կարգավորումներին վերաբերող հարցեր: Նիստում ընդունված որոշմամբ` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին հանձնարարվել է ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների հետ միասին ապահովել, մասնավորապես, ցորենի, գարու, եգիպտացորենի, արեւածաղկի սերմերի, շաքարավազի եւ այլ ապրանքների վերաբերյալ ինդիկատիվ հաշվեկշիռների պատրաստումը: Tweet Դիտում՝ 2520