ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ տնտեսական առումով իրավիճակը հաճելի չէ մեզ համար, բայց առաջին եռամսյակում արձանագրել ենք 8.6% տնտեսական աճ:Այս մասին նա ասել է «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում եւ հույս հայտնել, որ «կկարողանանք պահպանել այս դինամիկան»։ «Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերից հետո շատ մարդիկ եւ բիզնեսներ Ռուսաստանից տեղափոխվել են Հայաստան, քանի որ մենք չեզոք տնտեսական գոտի ունենք, եւ թե Հայաստանը, թե Ռուսաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ են: Այս իրավիճակում մենք հույս ունենք, եւ կարծում եմ, ի վիճակի կլինենք կառավարել տնտեսական այս իրավիճակը։ Բայց իհարկե, ոչ միայն Ռուսաստանի տնտեսական վիճակն է ուղղակիորեն ազդեցություն ունեցել Հայաստանի տնտեսության վրա, այլ նաեւ գլոբալ տնտեսական լարվածությունը՝ կապված օրինակ սննդի մատակարարման, գնաճի եւ շատ այլ գործոնների հետ։ Բայց այս պահին Հայաստանի տնտեսական ցուցանիշները բավականին դրական են»,- ասել է Փաշինյանը:Պատասխանելով հարցին, թե Հայաստանը ենթարկվո՞ւմ է որեւէ ճնշման՝ լինի դա Մոսկվայից, թե Արեւմուտքից, որոնք վերաբերում են Հայաստանի հատուկ հարաբերություններին Մոսկվայի հետ, նա ասել է, որ մեր երկրի եւ կառավարության վիճակը բավականին զգայուն է:«Մենք փորձում ենք լինել ուղիղ, ազնիվ եւ վստահելի գործընկեր Ռուսաստանի, մեր եվրոպական եւ արեւմտյան գործընկերների, մեր հարեւանների համար։ Դա այնքան էլ հեշտ չէ, բայց կարծում եմ ղեկավարները նախատեսված են հենց այնպիսի իրավիճակների համար, ինչպիսին մենք այժմ ունենք, եւ մեր պարտականությունն է` կառավարել այս իրավիճակն ու պահպանել պատշաճ հարաբերություններ մեր գործընկերների հետ եւ ոչ մեկին չդավաճանել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Tweet Դիտում՝ 2434