McDonald's-ի նոր սեփականատերը խորհրդանշական է որակել ցանցի գնման գումարը

13.06.2022 | 10:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ալեքսանդր Գովոր #«Համեղ է՝ եւ վերջ» #McDonald's
Ռուսաստանցի գործարար Ալեքսանդր Գովորը, ով դարձել է ՌԴ-ից հեռացած McDonald's ցանցի սեփականատերը, բիզնեսի ձեռք բերման գումարն անվանել է խորհրդանշական։

«Վեդոմոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է Մոսկվայում առաջին ռեստորանների բացման կապակցությամբ նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Ամերիկյան նախկին ցանցը կշարունակի աշխատել Ռուսաստանում «Համեղ է՝ եւ վերջ» («Вкусно - и точка») բրենդի ներքո։

Գովորի խոսքով՝ ձեռք բերման գինը «շուկայականից շատ ավելի ցածր է եղել», եւ գործարքն իրականացվել է «խորհրդանշական վճարով»: Դրա պայմանների համաձայն՝ նախատեսված է հետգնման օպցիոն։

«Ըստ պլանի՝ մենք պետք է ներդնենք 6,5-7 միլիարդ ռուբլի միայն այս տարի։ Սա հսկայական գումար է, որը ես պետք է վճարեմ, այն ամրագրված է պայմանագրում»,- ասել է գործարարը։ Գումարը ներառում է մատակարարների նկատմամբ վճարային պարտավորությունները, վարձակալության վճարները եւ այլն, ավելացրել է Գովորը։

Ցանցը գնելու պայմանների մասին Գովորը պատմել է նաեւ Վեդոմոստի»-ին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ եթե վաճառողը որոշի հետ գնել բիզնեսը 15 տարվա ընթացքում, ապա Գովորը կպահպանի ցանցի բոլոր կետերի մաստեր ֆրանչայզի իրավունքները։

Գովորն ընդգծել է, որ «Համեղ է՝ եւ վերջ» ռեստորանների թիվը նախատեսվում է հինգ տարվա ընթացքում հասցնել 1000-ի, եւ ընկերությունը պատրաստ է դիտարկել նոր ֆրանչայզիների դիմումները։



Նախօրեին Մոսկվայում բացվել են «Համեղ է՝ եւ վերջ» բրենդի ներքո առաջին 15 ռեստորանները։ Բոլոր 850 ռեստորանները կվերաբացվեն երկու ամսվա ընթացքում, եթե ֆրանչայզինգային ռեստորանները պայմանագրեր կնքեն նոր սեփականատիրոջ հետ:

Ցանցի գլխավոր տնօրեն Օլեգ Պարոեւը տեղեկացրել է, որ գները մենյուում մի փոքր փոխվել են: «Լոգիստիկայի, գնաճի պատճառով մենք ստիպված ենք մի փոքր թանկացնել գները, բայց կփորձենք մնալ Ռուսաստանի ամենամատչելի արագ սննդի ռեստորաններից մեկը»,- ասել է նա։

Պարոեւը հավելել է, որ McDonald's-ը միշտ եղել է շուկայում գների զսպող գործոն, իսկ ռեստորանների փակման օրը ցանցի երկու մրցակիցների գները բարձրացել են 15-20%-ով։ Ըստ նրա՝ McDonald's-ը նոր բրենդի վերածելու ծախսերը բավականին ցածր են եղել: «Մենք պահպանում ենք ամբողջ դեկորը, թեեւ բրենդի հիշատակումը հանում ենք, քանի որ այն լքել է Ռուսաստանը»,- նշել է նա։
Դիտում՝ 8529
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW