Հունիսի 1-ի՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա նախօրեին, Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ) հյուրընկալվել էր «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպությունում։Արդեն 24 տարի «Լիարժեք կյանք»-ը Երեւանում եւ Հայաստանի 3 մարզերում գործող կենտրոններում առանց տարիքային սահմանափակման վերականգնողական, սոցիալ-հոգեբանական, իրավախորհրդատվական եւ մասնագիտական կարողությունների զարգացման ծառայություններ է մատուցում շուրջ 1700 տեղաշարժման, տեսողության եւ մտավոր զարգացման խանգարումներ ունեցող անձանց:Նպատակ ունենալով բարելավել Երեւանի կենտրոնի շենքային պայմանները՝ դեռեւս ամիսներ առաջ կազմակերպությունը նախաձեռնել էր կապիտալ վերանորոգման աշխատանքներ: Ծանոթանալով կենտրոնի գործունեությանը՝ Հայաստանի բանկերի միությունը, ի դեմս ՀՀ-ում գործող առեւտրային բանկերի, որոշում կայացրեց ներդրում ունենալ հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող կենտրոնի վերանորոգման աշխատանքներին՝ նվիրաբերելով անհրաժեշտ քանակի օդորակիչներ։ Ինչպես նշել է է ՀԿ նախագահ Սուրեն Մաղաքյանը՝ իրենց կենտրոնների երկարամյա եւ արդյունավետ գործունեության երաշխավորները կազմակերպության բարեկամը դարձած այն աջակիցներն են, ովքեր աջակցում են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանը:«Ներկայում կենտրոնի տարածքը հնարավորինս հարմարեցված է տեղաշարժման եւ տեսողության խնդիրներ ունեցող անձանց անվտանգ տեղաշարժման համար, սակայն շահառուների հետ լիարժեք աշխատելու համար անհրաժեշտ են նաեւ շենքային հատուկ պայմաններ։ Այս հարցում մեր խնդրանքին արձագանքեց Հայաստանի բանկերի միությունը եւ բանկերի աջակցության շնորհիվ մեր վերակառուցվող կենտրոնն արդեն ապահովված է օդորակիչների անհրաժեշտ քանակով»,-նշել է «Լիարժեք կյանք» ՀԿ նախագահ Սուրեն Մաղաքյանը:Ծանոթանալով կենտրոնի գործունեությանը՝ ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը կարեւորել է վերջինիս դերը հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի համար հնարավորինս լիարժեք պայմաններ ապահովելու հարցում։«Երկու տասնամյակից ավելի այս կենտրոնն օգնության ձեռք է մեկնում հասարակության առավել խոցելի անձանց։ Անգնահատելի է մասնավորապես կենտրոնի շահառու մանկահասակ երեխաների հետ տարվող աշխատանքը, ովքեր կենտրոնի մասնագետների հոգատար եւ ճիշտ մոտեցման արդյունքում կարողնաում են հնարավորինս լիարժեք հաղորդակցվել շրջապատի հետ։ Առեւտրային բանկերը մշտապես իրականացնում են աջակցության տարբեր ծրագրերը եւ ուրախ եմ, որ այս անգամ եւս կարողացանք օգտակար լինել եւ աջակցել շատերի համար երկրորդ ընտանիք դարձած այս կենտրոնին»,- նշել է Սեյրան Սարգսյանը։«Լիարժեք կյանք» ՀԿ կատարած ՀԲՄ այցի շրջանակում կենտրոնի երեխաների համար կազմակերպվեց նաեւ ուրախ ժամանցային ծրագիր։ Tweet Դիտում՝ 2849