Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների բանկերը Ռուսաստանի ֆինանսական համակարգի դեմ պատժամիջոցների սահմանումից հետո անդրսահմանային վճարումներ կատարելիս խնդիրներ են ունեցել։ Այս մասին հայտնել են մայիսի 26-ին Եվրասիական տնտեսական համաժողովում տեղի ունեցած արտարժույթի շուկայի վերաբերյալ քննարկման մասնակիցները, հաղորդում է RBC-ն։Դրա պատճառն այն էր, որ այդ ֆինանսական հաստատություններն օգտագործում էին ռուսաստանյան բանկերը որպես արտարժույթով հաշվարկների միջնորդներ։ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի բանկերի հետ ուղղակի թղթակցային հարաբերություններ հաստատելն այժմ խնդրահարույց կլինի, զգուշացրել են փորձագետները։Այսպես, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանի խոսքով՝ ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ երկրներում «կոշտ» արժույթներով վճարումների հետ կապված իրավիճակը դարձել է շատ բարդ։ Նա նշել է, որ Հայաստանում արժութային թղթակցային սեփական հաշիվներ կան միայն մի քանի ամենախոշոր բանկերի մոտ։ Մյուսները՝ միջին եւ փոքր ֆինանսական հաստատությունները, աշխատել են ռուսաստանյան թղթակից բանկերի միջոցով։ «Այդ ուղիներն արդեն կանգնեցվել են»,- ասել է նա։Ինչպես գրում է RBC-ն, այն պրակտիկան, երբ ԵԱՏՄ երկրի բանկը արտարժութային թղթակցային հաշիվներ ունի ոչ թե անմիջապես ԱՄՆ կամ ԵՄ բանկերում, այլ ռուսաստանյան բանկում, որը գործարքներ է իրականացնում նրա անունից, կոչվում է Nesting payment: Նման միջնորդությունը տարածված է ամբողջ աշխարհում եւ թույլ է տալիս փոքր բանկերին հեշտացնել անդրսահմանային գործարքները, քանի որ թղթակցային հարաբերությունների կնքումը ենթադրում է համապատասխանություն ֆինանսական վիճակի, վճարունակության եւ հեղինակության չափանիշներին, ինչպես նաեւ վճարումների պոտենցիալ ծավալին: Փոքր ֆինանսական հաստատությունների համար ավելի դժվար է դրանք բավարարել։ՀՀ Կենտրոնական բանկն այժմ աշխատում է այս հարցերի շուրջ, ասել է Խաչատրյանը։ «Մենք քննարկում ենք (թղթակցային հարաբերությունների հաստատումը - RBC) որոշ գլոբալ գործընկեր բանկերի կամ եվրոպական մակարդակի ֆինանսական կառույցների հետ, որոնք ցանկություն ունեն շարունակել տրանզակցիաները տարածաշրջանում ինչպես ռուսաստանյան, այնպես էլ, վստահ եմ, հայկական եւ ղրղզական ընկերությունների հետ։ Այստեղ պետք է զրոյից անցնեք համապատասխանության բարդ ընթացակարգը, քանի որ հարկավոր է նոր պրակտիկա կառուցել: Nesting payment-ի միջոցով հեշտ լուծումներն այլեւս տեսանելի չեն»,- ասել է նա։Խաչատրյանը հույս է հայտնել, որ «համապատասխանության մասով ուժեղ շմոլը» երկար չի տեւի, եւ արտասահմանյան բանկերը կսկսեն ԵԱՏՄ-ից տրանզակցիաներ ընդունել։Անդրսահմանային գործարքների հետ կապված խնդիրների մասին հանդիպմանը խոսել է նաեւ Ղրղզստանի բանկերի միության նախագահ Անվար Աբդրաեւը: Tweet Դիտում՝ 9658