«Լույս». 2018թ.-ից ՀՀ ֆինանսական համակարգի վարկային պորտֆելի կառուցվածքը վատթարացել է

24.05.2022 | 14:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Լույս» հիմնադրամ #վարկային պորտֆել #վերլուծություն
«Լույս» հիմնադրամը վերլուծել է 2018թ. իշխանափոխության արդյունքում ՀՀ վարկավորման ոլորտում ձեւավորված հիմնախնդիրները եւ դրանց մակրոտնտեսական հետեւանքները 2020թ. շոկերի համատեքստում։

Վերլուծության մեջ, մասնավորապես, նշվում է.

«- 2018թ. ի վեր ՀՀ ֆինանսական համակարգի վարկային պորտֆելը ենթարկվել է մի շարք մտահոգիչ կառուցվածքային տեղաշարժերի, ինչն արտացոլվել է տնային տնտեսությունների եւ մասնավոր կազմակերպությունների վարկային պորտֆելներում եւ հանգեցրել ՀՀ մակրոտնտեսական կայունությանը վտանգող ռիսկերի կուտակման: Վարկային պորտֆելի կառուցվածքի վատթարացման եւ ոլորտում բացասական ռիսկերի ձեւավորման հիմնային պատճառներն, ըստ էության, բխում են 2018թ. հետո ձեւավորված գործադիր իշխանությունների կառավարչական որոշումներից, հանրային հաղորդակցման տրամաբանությունից եւ որդեգրած տնտեսական քաղաքականությունից:

- ՀՀ կառավարության ամբոխահաճո քաղաքականության արդյունքում փոփոխվել է տնային տնտեսությունների սպառման վարքագիծը, ինչը հանգեցրել է պարտավորությունների բուրգի ձեւավորման` դրանից բխող բացասական հետեւանքներով հանդերձ: ՀՀ կառավարության` բարեկեցիկ ապագայի խոստումների ներքո տնային տնտեսություններն առաջ են բերել իրենց սպառումը` այն ֆինանսավորելով հիմնականում վարկերի հաշվին: Պարտքային բեռի կտրուկ աճը չի ուղեկցվել տնային տնտեսությունների եկամուտների շոշափելի աճով` ինչը հանգեցրել է պարտավորությունների բուրգի ձեւավորման:

- 2020թ. ճգնաժամային զարգացումներին զուգահեռ, տնային տնտեսությունների պարտավորությունների բուրգի առկայությունը լրացուցիչ բացասական ազդեցություն է գործել տնտեսության անկման համատեքստում` դրդելով մասնավոր սպառման ծավալների ավելի մեծ չափով կրճատման: Մյուս կողմից, այն հանգեցրել է բնակչության կենսամակարդակի վատթարացմանը, ինչի պատճառով աճել են վարկային պորտֆելի չաշխատող վարկերի ծավալները: Արդյունքում վարկատուները կրել են ֆինանսական կորուստներ, ինչը նպաստել է ֆինանսական համակարգի կայունության հենքերի թուլացմանը: Հետճգնաժամային շրջանում տնային տնտեսությունների պարտավորությունների բուրգը շարունակում է պահպանվել բարձր մակարդակում: 2022թ. փետրվարից սկսված ռուս-ուկրաինական պատերազմի եւ ՀՀ տնտեսության վրա դրա բացասական ազդեցության ենթատեքստում այս երեւույթն ավելի է սրում մասնավոր պարտքի եւ ՀՀ ֆինանսական համակարգի կայունության խնդիրը: Տնային տնտեսությունների վարկային ռիսկի պահպանվող մակարդակը հուշում է, որ վերջիններիս զանգվածային դեֆոլտի հավանականությունը հետագա բացասական շոկերի պայմաններում մեծ է զրոյից:

- ՀՀ կառավարության անհեռատես քաղաքականության արդյունքում 2018թ. ի վեր ռիսկային փոփոխություններ են գրանցվել նաեւ հիփոթեկային վարկավորման ուղղությամբ, ինչը հանգեցրել է մի շարք անցանկալի մակրոտնտեսական զարգացումների` այդ թվում մեծացնելով պետության երկարաժամկետ կորուստները: Հիփոթեկային վարկերի տոկոսագումարների սպասարկման նպատակով վարկառուներին վերադարձվող եկամտային հարկի ծրագիրը ստացել է երկարաժամկետ տրամաբանություն, այնինչ այս գործիքն ի սկզբանե ներդրվել էր կարճաժամկետում կապիտալ շինարարությանը զարկ տալու նպատակով եւ պետք է աստիճանաբար դադարեցվեր: Ծրագրին երկարաժամկետ բնույթ հաղորդելու տրամաբանությունը հակասում է արտահանելի հատվածի խթանումը որպես գերակա ուղղություն սահմանելու ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականությանը: Մյուս կողմից, կառուցապատողների եւ տնային տնտեսությունների մոտ երկարաժամկետ սպասումների ձեւավորման արդյունքում հիփոթեկային վարկերի պահանջարկն աճել է չափազանց բարձր տեմպերով` ուղեկցվելով շինարարության վարկերի արագ աճով: Այդ քաղաքականության արդյունքում կուտակված ռիսկերը 2020թ. տնտեսական ճգնաժամի հետեւանքով մասամբ նյութականացնել են` բացասաբար ազդելով ՀՀ մակրոտնտեսական կայունության վրա: Հիփոթեկային վարկերի նկատմամբ պահանջարկի կտրուկ արագացման եւ այն ժամանակին չզսպելու արդյունքում եկամուտների տեսանկյունից պետությունը տարեցտարի կրում է ավելի մեծ կորուստներ: Վերջինս հատկապես մտահոգիչ է  2020-ից հետո հարկաբյուջետային կայունության վերականգնման համատեքստում, քանի որ ճգնաժամի շոկերից հետո կտրուկ խորացել է պետական բյուջեի պակասուրդը եւ աճել է ՀՀ կառավարության պարտքը: Ռուս-ուկրաինական պատերազմի պայմաններում հիփոթեկային վարկավորման հիմնախնդիրները դեռեւս լուծված չեն: Ընդ որում, ռիսկերի կուտակման գործընթացը կրկին նոր թափ է ստացել, ինչը տնտեսությանը փոխանցվող բացասական շոկերի ներքո էլ ավելի կարող է մեծացնել ՀՀ մակրոտնտեսական կայունության խոցելիությունը»:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հիմնադրամի պաշտոնական կայքում այս հղումով:
Դիտում՝ 2994
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW