Երեւան /Մեդիամաքս/. Այսօր Արմավիր քաղաքում բացվել է “Կոնվերս Բանկի” մասնաճյուղ: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, բացման արարողության ավարտին## պատասխանելով լրագրողների հարցերին, “Կոնվերս Բանկի” գլխավոր տնօրեն Արարատ Ղուկասյանն ասել է, որ նոր մասնաճյուղը հաճախորդներին տրամադրելու է բանկային ծառայությունների ողջ փաթեթը` հատուկ ուշադրություն ընձեռելով գյուղատնտեսության վարկավորմանը: “Վաղը Երեւանում կմեկնարկի մեր կողմից ֆինանսավորվող Fruitful Armenia գյուղատնտեսական ֆորումը, որը նվիրված է երկրի գյուղատնտեսության զարգացման հնարավոր տարբերակների քննարկմանը, եւ դա վկայում է այն մասին, որ մեր բանկը շահագրգռված է Հայաստանի տնտեսության այդ ճյուղի զարգացմամբ”,- ասել է Արարատ Ղուկասյանը` նշելով, որ գյուղատնտեսական վարկերի տեսակարար կշիռը բանկի վարկային փաթեթում կազմում է ընդամենը 2% (շուրջ 600 մլն դրամ), սակայն այն աստիճանաբար աճելու է: Բանկի գլխավոր տնօրենի խոսքերով, ագրոֆինանսավորման ընդլայնվող ծրագրի շրջանակներում բանկը տրամադրելու է 7 տարի մարման ժամկետով, տարեկան 12% տոկոսադրույքով վարկեր: Արարատ Ղուկասյանը հաստատել է Հայաստանի բանկային համակարգում տոկոսադրույքների սպասվելիք աճը` նշելով, որ ֆինանսական ճգնաժամը ԱՄՆ-ում եւ Եվրոպայում “ուժեղ եւ անսպասելի” հարված չի դառնա Հայաստանի տնտեսության եւ բանկային համակարգի համար, սակայն “դրա հետեւանքները հայաստանյան տնտեսությունը կզգա հետագայում”: “Կոնվերս բանկի” պարտատոմսերի սպասվելիք տեղաբաշխման վերաբերյալ հարցին պատասխանոլով` Արարատ Ղուկասյանն ասել է, որ բանկը տեղաբաշխման վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կհրապարակի մինչեւ տարեվերջ` նշելով, որ դրա ծավալն ու շրջանառության ժամկետը Հայաստանի բանկային համակարգի համար “աննախադեպ” են լինելու: Tweet Դիտում՝ 6138