Wildberries-ը եւ Ozon-ը պատրաստ են աշխատել զուգահեռ ներմուծման ապրանքների հետ

13.05.2022 | 09:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#Wildberries #Ozon #զուգահեռ ներմուծում
Wildberries եւ Ozon առցանց ռիթեյլերները պատրաստ են աշխատել զուգահեռ ներմուծման պայմանների հիման վրա վաճառվող ապրանքների հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ընկերությունների մամուլի ծառայություններում։

Զուգահեռ ներմուծումն օրիգինալ ապրանքների ներկրումն է երկիր այն անձանց կողմից, ովքեր չունեն ապրանքներ ներկրելու փաստաթղթավորված համաձայնություն իրավատիրոջ կողմից: Ապրանքները ներմուծվում են ոչ թե հավատարմագրված դիստրիբյուտորի միջոցով, այլ այլընտրանքային ուղիներով։

«Wildberries»-ն աջակցում է զուգահեռ ներմուծման թույլտվության որոշմանը: Մենք կարծում ենք, որ այս միջոցը կաջակցի ինչպես սպառողներին, այնպես էլ գործարարներին։ Մեր առցանց հարթակը բաց է համագործակցության համար բոլոր այն վաճառողների հետ, որոնց արտադրանքն իրացվում է երկրի օրենսդրությանը համապատասխան»,- հայտնել են Wildberries-ի մամուլի ծառայությունում։

Ընկերությունում գտնում են, որ զուգահեռ ներմուծման օրինականացումը հնարավորություն կտա ընդլայնել երկրում տարբեր ապրանքների, այդ թվում՝ առաջին անհրաժեշտության ապրանքների տեսականին, դրական ազդեցություն կունենա գների կայունացման վրա եւ կստեղծի նոր աշխատատեղեր։

«Նման միջոցը կարեւոր է ռուսաստանյան սպառողների համար անհրաժեշտ տեսականու ապահովման տեսանկյունից եւ գործարարներին հնարավորություն է տալիս գնորդներին տրամադրել ապրանքների լայն ընտրություն. հարթակի տեսականու մոտ 90%-ն այսօր ձեւավորվում է վաճառողների կողմից: Միաժամանակ, իհարկե, Ozon-ի համար որպես հարթակի կարեւոր է գնորդներին որակյալ ապրանքներով ապահովելը ու հարթակում կեղծիքների հայտնվելը թույլ չտալը»,- նշել են Օzon-ի մամուլի ծառայությունում։

Երկու առցանց ռիթեյլերների մամուլի ծառայություններն ընդգծել են, որ վաճառողները պետք է ունենան ապրանքների վաճառքի համար անհրաժեշտ բոլոր թույլտվությունները։ «Մտավոր սեփականության իրավատերերից բողոքներ ստանալու դեպքում վաճառողները պետք է հաստատեն ապրանքի ծագման իսկությունը։ Եթե ապրանքի իսկության հաստատում չլինի, այն կհանվի վաճառքից, ինչը կօգնի խուսափել կեղծիքների վաճառքից»,- նշել են Ozon-ի մամուլի ծառայությունում։

Մայիսի 6-ին հրապարակվել էր ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարարության հրամանը՝ զուգահեռ ներմուծման համար ապրանքների ցանկով։ Դրանում ներառված են ավելի քան 50 ապրանքախմբեր, որոնք անհրաժեշտ են ինչպես արդյունաբերության, այնպես էլ սպառողների համար, ընդ որում ինչպես որոշակի բրենդների, այնպես էլ ընդհանուր առմամբ ապրանքների կատեգորիաների համար, օրինակ՝ մեքենաներ, տեխնիկա, կոսմետիկա եւ այլն կատեգորիաներ։
Դիտում՝ 6193
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW