Reuters. Գերմանիան պլան է մշակում ՌԴ գազի հնարավոր անջատմանը դիմակայելու համար

10.05.2022 | 15:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#Reuters #Գերմանիա #ՌԴ գազ
Գերմանիայի կառավարությունն արտակարգ միջոցների փաթեթ է պատրաստում Ռուսաստանից գազի մատակարարումները միանգամից դադարեցնելու դեպքում, գրում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը՝ վկայակոչելով Reuters գործակալությունը։

Պարզ չէ՝ հնարավոր է արդյոք մատակարարումների հանկարծակի դադարեցում։ Գերմանիան կցանկանար խուսափել իրավիճակի նման սրացումից, նշել են Reuters-ի աղբյուրները։ Այնուամենայնիվ, գերմանական իշխանությունները մտավախություն ունեն, որ Ռուսաստանը կարող է միակողմանիորեն դադարեցնել գազի առաքումը, եւ ցանկանում են պատրաստ լինել նման իրավիճակի հաղթահարմանը։ Ըստ Reuters գործակալության երեք աղբյուրների՝ ենթադրվում է, որ պլանի շրջանակում աջակցություն կցուցաբերվի էներգետիկ ընկերություններին՝ օգնելու նրանց հաղթահարել գնաճը, այդ թվում՝ լրացուցիչ վարկերի եւ պետական երաշխիքների միջոցով:



Բացի այդ, Գերմանիայի կառավարությունը կարող է վերահսկողության տակ վերցնել այնպիսի կարեւոր ձեռնարկություններ, ինչպիսիք են, օրինակ, նավթավերամշակող գործարանները: Համապատասխան օրենքը հաստատվել է անցած ամիս։ Ինչպես ընդգծում են Reuters-ի աղբյուրները, կառավարությունում քննարկում են այդ միջոցի գործնական կիրառումը, այդ թվում՝ Շվեդտ քաղաքում գործող, «Ռոսնեֆտ»-ին պատկանող РСК նավթավերամշակող գործարանի նկատմամբ: Այդ գործարանին բաժին է ընկնում ռուսաստանյան նավթի ներմուծման մեծ մասը:

«Ռոսնեֆտ»-ը հրաժարվել է մեկնաբանել Գերմանիայի հնարավոր ցանկացած գործողություն, գրում է Reuters-ը։ Դիտարկվել է նաեւ էներգետիկ ընկերությունների ազգայնացման տարբերակը, սակայն այն պետք է մանրակրկիտ ուսումնասիրել եւ հիմնավորել էներգակիրների մատակարարման անվտանգության տեսանկյունից, նշել է Reuters-ի աղբյուրը։



Գերմանիայի կառավարությունը դիտարկում է նաեւ գազի պաշարների բաշխումն արտակարգ իրավիճակի դեպքում։ Կարգավորիչը պետք է որոշի՝ ում է նախապատվություն տալիս մատակարարման հարցում՝ արդյունաբերությանը, թե բնակչությանը, գրում է գործակալությունը։ Գերմանիայի ներկայիս դիրքորոշումն այն է, որ առաջին հերթին պետք է անջատվեն ձեռնարկությունները:


Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը, ի պատասխան հարցմանը, վկայակոչել է փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկի հայտարարությունն առ այն, որ երկիրն «ինտենսիվ ջանքեր է գործադրում»՝ նվազեցնելու ռուսաստանյան էներգակիրների օգտագործումը։



2021 թվականին Գերմանիան ներմուծվող գազի 55%-ը ստացել է Ռուսաստանից։ Եվրամիությունում ռուսաստանյան էներգակիրների էմբարգոյի վերաբերյալ քննարկումների ֆոնին Գերմանիան զգուշացրել է, որ միայն 2024 թվականի կեսին կկարողանա ռուսաստանյան գազի մասնաբաժինը նվազեցնել մինչեւ 10%։ Գերմանիան ԵՄ պատժամիջոցների հինգերորդ փաթեթի շրջանակում աջակցել է ՌԴ ածուխի էմբարգոյին եւ հայտարարել ռուսաստանյան նավթի արգելքին աջակցելու պատրաստակամության մասին՝ պայմանով, որ այն կներդրվի փուլերով։
Դիտում՝ 3836
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW