ՊԵԿ․ Ապրիլին արձանագրվել է շահութահարկի շուրջ 32.9 մլրդ դրամի աճ

06.05.2022 | 11:23 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #շահութահարկ
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացրել է, որ 2022 թվականի հունվար-ապրիլ ամիսներին հարկային եկամուտների եւ պետական տուրքի գծով ապահովվել է շուրջ 632  միլիարդ դրամ՝ մոտ 119 միլիարդ դրամով կամ 23.2%-ով գերակատարելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մուտքերը:

Իսկ ապրիլի ցուցանիշը՝ շուրջ 51.2 միլիարդ դրամով կամ 28.4%-ով գերակատարվել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքը:

«Հատկանշական է, որ հիմնական աճն արձանագրվել է շահութահարկի եւ բնօգտագործման վճարների, մասնավորապես ռոյալթիի մասով, թերեւս, պայմանավորված հանգամանքով, որ ապրիլը շահութահարկի եւ ռոյալթիի տարեկան հաշվարկների ներկայացման վերջնաժամկետն է: Մասնավորապես՝ նախորդ տարվա համեմատությամբ  շահութահարկի աճը 2022թ. ապրիլին կազմել է շուրջ 32.9 մլրդ դրամ (2022թ. ապրիլին հավաքագրվել է 98.4 մլրդ դրամ), իսկ բնօգտագործման վճարների գծով՝ 9.8 մլրդ դրամ (2022թ. ապրիլին հավաքագրվել է 18.6 մլրդ դրամ), որից 9.4 մլրդ դրամը՝ ռոյալթիի մասով (2022թ. ապրիլին հավաքագրվել է 17.2 մլրդ դրամ):

Շահութահարկի գերակատարումն առաջին հերթին պայմանավորված է համախառն եկամտի աճով: 2021թ. արդյունքներով շահութահարկի հաշվարկներով ցույց տրված համախառն եկամուտը կազմել է շուրջ 11.6 տրլն դրամ, որը գերազանցում է 2020թ. նույն ցուցանիշը (կազմել է 8.3 տրլն. դրամ)` 39.8 %-ով: Իսկ համախառն եկամտի աճի ցուցանիշում իր հերթին մեծ դերակատարում է ունեցել գործարքների եւ փաստաթղթավորման աճը, ինչը տնտեսական ակտիվության եւ հարկային վարչարարության բարելավման արդյունք է: Այդ մասին է վկայում նաեւ ՀԴՄ կտրոնների եւ այլ հաշվարկային փաստաթղթերի քանակի եւ դրանցով արտացոլվող շրջանառության շարունակական աճը: Մասնավորապես՝ 2021թ. ընթացքում գործարքների (հաշվարկային փաստաթղթերի) քանակը կազմել է շուրջ 558 մլն. հատ եւ դրանցով արձանագրված գումարը՝ 8.2 տրլն դրամ, որը գերազանցում է 2020 թվականի ցուցանիշը՝ քանակով՝ 102 մլն հատով (22.4%), իսկ գումարով՝ 1.7 տրլն դրամով (26.8%)/

Շահութահարկի աճի դինամիկայում Էական դեր է ունեցել նաեւ 2020 թվականից կանխավճարների հաշվարկման մեխանիզմի փոփոխությունը: Այսպես, եթե 2019թ. շահութահարկի կանխավճարների գումարը կազմել է շուրջ 103.6 մլրդ դրամ, ապա 2020-2021թթ. արդեն կազմել է համապատասխանաբար՝ 64.5 մլրդ դրամ եւ 67.7 մլրդ դրամ:

Շահութահարկի հաշվարկներով արտացոլված վճարման ենթակա հարկի գումարի աճը հիմնականում արձանագրվել է մետաղական հանքարդյունաբերության (աճը՝ շուրջ 13.2 մլրդ դրամ), մեծածախ առեւտրի (աճը՝ շուրջ 5.0 մլրդ դրամ), օդային տրանսպորտի օժանդակության (աճը ՝շուրջ 3.5 մլրդ. դրամ) եւ մանրածախ առեւտրի ոլորտներում (աճը շուրջ 3.2 մլրդ. դրամ):

Ապրիլին դրական ցուցանիշ ապահոված մյուս ուղղությունը՝ ռոյալթիի աճը՝ 9.4 միլիարդ դրամի չափով, հիմնականում պայմանավորված է մետաղական հանածոների միջազգային գների բարձրացմամբ: Մասնավորապես՝ ռոյալթիի բազան աճել է պղնձի եւ մոլիբդենի միջազգային գնաճի հաշվին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Դիտում՝ 4432
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW