«Մատենա» միջազգային դպրոցը Հայաստանում ստեղծում է նոր մասնագիտական կենտրոն, որի նպատակն է թվային փոխակերպման (digital transformation) համաշխարհային լավագույն փորձը տարածել Հայաստանում: Կենտրոնը ծրագրերը կսկսի իրականացնել 2022 թվականի մայիսի կեսերից: Կենտրոնի փորձագետների կողմից վերապատրաստվել են թվային փոխակերպման ոլորտի պատասխանատուներ եւ մասնագետներ «Pepsico»-ն, «IKEA»-ն, «Deutsche Bank»-ը, «Caspian Beverage Holding»-ը, «Volvo» ընկերություններից։ «Մենք հավակնոտ նպատակ ունենք բարձրացնելու Հայաստանի գրավչությունը հենց կրթության ուղղությամբ, եւ այս կենտրոնի ստեղծումը, անկասկած, առանցքային դեր է ունենալու այդ նպատակի իրագործման համար, որովհետեւ թվային փոխակերպումը կազմակերպությունների կառավարման ամենաարդիական միտումներից մեկն է աշխարհում»,- նշել է «Մատենայի» համահիմնադիր եւ տնօրեն Ռուբեն Հայրապետյանը։«Մատենա ICDT» կենտրոնի տնօրեն Նիկոլայ Վերխովսկին էլ ասել է. «Այն ընկերությունները, որոնք իրենց ռազմավարությունը չեն համապատասխանեցնում մերօրյա պահանջներին, երկարաժամկետ հեռանկարում կորցնում են իրենց մրցակցային առավելությունը եւ տեղը զիջում ավելի արագաշարժ, ճկուն եւ համարձակ «խաղացողներին»։ Հայաստանում մենք թվային տրանսֆորմացիան ցանկացած մասշտաբի եւ ոլորտի ընկերության օրակարգի պարտադիր կետը դարձնելու հնարավորություն եւ պահանջ տեսանք»:«Մատենա ICDT» կենտրոնի փորձագետների թվում են գերմանական «Deutsche Bank»-ում երկարամյա ղեկավարման փորձ ունեցող, ավստրիական խոշորագույն «Erste Group Bank»-ի թվային տրանսֆորմացիայի նախկին ղեկավար Արա Աբրահամյանը, «Picsart» ընկերության տեղեկատվական անվտանգության ղեկավար Արմեն Բաղդասարյանը եւ առաջատար այլ մասնագետներ: Tweet Դիտում՝ 4183