2017 թվականին հիմնադրված հայկական CoinStats ստարտափը (կրիպտո ներդրումների կառավարման հավելված) ներգրավել է $3․2 միլիոն ոլորտի մի շարք հայտնի ներդրողներից։Ինչպես նշել են ընկերությունում միջոցները կուղղվեն ապակենտրոնացված ֆինանսների (DeFi-ի) համակարգում ընկերության գործունեության ընդլայնմանն ու DeFi-ը հավելվածի 1.2 միլիոն ակտիվ օգտատերերի համար հասանելի դարձնելուն։ Գլխավոր ներդրողն է Ալեքս Փեքը՝ Hack VC վենչուրային ֆոնդից։ Ներդրողների շարքում է նաեւ 6th Man Ventures-ի հիմնադիր Մայք Դուդասը: Նշվում է, որ ստացած ֆինանսավորումը կարեւոր նշանակություն ունի CoinStats-ի զարգացման եւ առաջմղման արագացման համար: 2021 թվականին հայկական CoinStats ընկերության օգտատերերի քանակն աճեց 8 անգամ՝ հասնելով ամսական 1․2 միլիոն ակտիվ օգտատերերի։ Ներկայում հավելվածով կառավարվում են այդ օգտատերերի $500 միլիարդին համարժեք կրիպտո ներդրումները: Օգտատերերի աճող քանակի արդյունքում CoinStats-ը 6 անգամ ավելացրել է իր 2021 թվականի եկամուտը եւ 2022-ին ձեռնամուխ եղել DeFi-ի ոլորտում նոր գործիքների ստեղծմանը: «Ապակենտրոնացված ֆինանսները բլոքչեյնի վրա աշխատող ֆինանսական ծառայությունների խումբ է, որը թույլ է տալիս ֆինանսական գործարքներ կատարել առանց միջնորդի՝ ապահով, վստահելի ու բոլորին հասանելի կերպով։ CoinStats հավելվածի նորամուծությունները թույլ կտան օգտատերերին իրենց կրիպտո ներդրումներից եկամուտ ստանալ։ Այս գործառույթը ավանդական ֆինանսական կառույցներում գործող ավանդների կրիպտո համարժեքն է»,- ասված է հաղորդագրության մեջ։ «Այս ներդրման շնորհիվ մենք կարագացնենք մեր ստարտափի աճն ու զարգացումը՝ ստեղծելով էլ ավելի լավ ֆինանսական գործիքներ մեր օգտատերերի համար: Անչափ կարեւորում եմ մեր ներդրողների աջակցությունը, նրանց հավատը CoinStats-ի տեսլականին մեզ մղում է դեպի նոր նվաճումներ»,- ասել է CoinStats-ի հիմնադիր տնօրեն Նարեկ Գեւորգյանը։ «Հպարտ ենք աջակցել CoinStats-ին՝ կրիպտո պորտֆելի կառավարման ամենամեծ հավելվածին աշխարհում»,- նշել է Hack VC-ի հիմնադիր Ալեքս Փեքը: Tweet Դիտում՝ 11044