Մարտի 31-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը։ Ցուցահանդեսային երեք օրերի ընթացքում շուրջ 48 տաղավարներում, ավելի քան 50 ընկերություններ՝ 24 թեմատիկ բաժիններով կներկայացնեն իրենց արտադրանքն ու ծառայությունները: Միջոցառման շրջանակում Հայաստանում են պաշտոնական պատվիրակություններ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Հնդկաստանից, ԱՄԷ-ից, Իրանից, Բելառուսից, Իրաքից եւ Իրաքյան Քուրդիստանից:Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հույս է հայտնել, որ ցուցահանդեսը հնարավորություններ կստեղծի նոր համագործակցության, համատեղ ծրագրերի, ստեղծարար գաղափարների իրականացման համար:«Այս հարթակը կնպաստի նաեւ մեր երկրի անվտանգության համակարգերի հզորացմանը։ Դրանով իսկ կխթանի տարածաշրջանի հետ խաղաղ համատեղ գոյակցության, երկարաժամկետ խաղաղության հաստատման մեր գաղափարների իրականացմանը»,- ասել է նախագահը։Իսկ ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը կոչ է արել մեր հայրենակիցներին ցուցահանդես այցելել երեխաների հետ, որպեսզի նրանք ճիշտ մասնագիտական ընտրություն կատարեն՝ հաշվի առնելով, որ Հայաստանում բարձր տեխնոլոգիաները ՀՀ կառավարության նախանշած կարեւոր ուղղություններից են։ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պարտականությունները կատարող Դավիթ Սահակյանն էլ ասել է, որ իրենց տաղավարներով ցուցահանդեսում ներկայացված են նաեւ այն ստարտափ ընկերությունները, որոնք նախարարության տարբեր ծրագրերով ստացել են աջակցություն՝ դրամաշնորհների եւ հարկային արտոնությունների տեսքով: Նա նաեւ ընդգծել է, որ միջոցառումն առանձնահատուկ է նաեւ նրանով, որ կազմակերպչական բոլոր աշխատանքներում կիրառված են միմիայն հայկական տեխնոլոգիական լուծումներ։Ցուցահանդեսի կազմակերպիչը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն է։ Համակազմակերպիչներն են ՀՀ պաշտպանության նախարարությունը, «Երեւանի մաթեմատիկական մեքենաների գործարան»-ը եւ «Բիզոն ցուցահանդեսային ընկերությունների միություն» ՓԲԸ-ն։ Tweet Դիտում՝ 3305