ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ եկամտային հարկից ուսման վարձի փոխհատուցման կարգից օգտվելու համար դիմել է շուրջ 870 ուսանող, որոնցից 748-ին արդեն վերադարձվել է եկամտային հարկի գումարները՝ շուրջ 264 միլիոն դրամի չափով: Մնացած դիմումները մերժվել են՝ ներկայացված փաստաթղթերում առկա անհամապատասխանություններով եւ մի շարք այլ խնդիրներով պայմանավորված։ Առաջացած խնդիրների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով ՊԵԿ-ը դիմել է կրթության ոլորտի լիազոր մարմնին, եւ վերջինիս կողմից համապատասխան իրավական ակտում փոփոխություններից կամ առկա խնդիրների վերաբերյալ դիրքորոշումների հստակեցումից հետո, կոմիտեն պատշաճ կերպով կշարունակի իրականացնել ուսանողների ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման գործընթացը։ՊԵԿ-ը հիշեցնում է, որ հարկային օրենսգրքի փոփոխություններով ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով սահմանվել է եկամտային հարկի վերադարձի իրավունք՝ աշխատող ուսանողների համար: Հայաստանում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում եւ օրդինատուրայում սովորողները կարող են իրենց ուսման վարձը փոխհատուցել եկամտային հարկից՝ կառավարության որոշմամբ հաստատված մասնագիտությունների ցանկով: Վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց` ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը եւս սահմանված է կառավարության որոշմամբ: Tweet Դիտում՝ 2269