Փետրվարի 1-ին Մատենա միջազգային դպրոցն ազդարարեց ղեկավարների համար նախատեսված իր առաջին կրթական ծրագրերի մեկնարկը։ Մատենադարանի դահլիճում անցկացված միջոցառմանը ներկա էին ինչպես մասնավոր, այնպես էլ պետական ոլորտի ներկայացուցիչներ, քանի որ դպրոցը միտված է երկու ուղղությունների զարգացմանը՝ տարբեր կազմակերպություններում աշխատող թիմերի հմտությունների բարձրացման միջոցով: Անցկացման վայրի ընտրությունը խորհրդանշական է. հենց մատեան («գիրք») բառից է սերում դպրոցի անվանումը, որն արդեն հասցրել է մեծ ուշադրություն հրավիրել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Դպրոցը հայտարարել է երկու միջազգային ծրագրերի մեկնարկի մասին․ 1. «Փոփոխությունների առաջնորդում. ղեկավարների մասնագիտական զարգացման ծրագիր» 2. «ՀՀ համայնքների արդյունավետ կառավարում. համայնքային պաշտոնյաների մասնագիտական զարգացման ծրագիր» Համաշխարհային մակարդակի ծրագրերը, որոնք մշակվել են ՍԿՈԼԿՈՎՈ կառավարման դպրոցի հետ համատեղ, կանցկացվեն Դիլիջանում, Երեւանում եւ Մոսկվայում։ Դասավանդման լեզուներն են ռուսերենն ու անգլերենը, իսկ հայերեն համաժամանակյա թարգմանությունը կապահովվի։ Ծրագրի փորձագետներն առաջատար մասնագետներ են, որոնք ղեկավար աշխատանքի եւ դասավանդման բազմամյա փորձ ունեն: Նրանց թվում են Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը, հիմնադրամների խորհրդատու, Shell ընկերությունում 35 տարվա աշխատանքային փորձ ունեցող Րաֆֆի Բաղջյանը, Ամստերդամի ազատ համալսարանի Առաջնորդության եւ խորհուրդների զարգացման կենտրոնի համահիմնադիր եւ հետազոտող Լարա Չոլաքյանը, Յանդեքս ընկերությունների խմբի տնօրեն Տիգրան Խուդավերդյանը եւ այլք: Փորձագետների ամբողջական ցանկին կարելի է ծանոթանալ www.matena.am կայքում։ Մատենան մշակել է կորպորատիվ ֆինանսավորման հատուկ համակարգ, որի շնորհիվ գործընկեր ընկերությունների մասնակիցները կկարողանան համաշխարհային մակարդակի կրթություն ստանալ շահավետ պայմաններով: Դպրոցն աստիճանաբար ընդլայնում է իր դոնորների եւ կորպորատիվ գործընկերների ցանցը, ինչն իր հերթին հնարավորություն կտա ավելի շատ մասնակիցների կրթաթոշակներ տրամադրել՝ Մատենայում սովորելու համար: Մատենան ընդլայնում է իր նախաձեռնությունների շարքը․ առաջիկա ամիսներին կառաջարկվեն նոր ծրագրեր նրանց համար, ովքեր ձգտում են կատարելագործել իրենց մասնագիտական հմտությունները՝ միջազգային եւ տեղական առաջատար մասնագետների շնորհիվ։ Բացի այդ, կկազմակերպվեն անվճար դասընթացներ երիտասարդների, ուսանողների, ինչպես նաեւ հասարակության ավելի լայն շրջանակի համար՝ օգտագործելով միջազգային եւ տեղական գործընկերների հսկայական ցանցը։ Tweet Դիտում՝ 8083