ՀայՓոստը «Եվրոպա 2022. Պատմություններ եւ առասպելներ» թեմայի շրջանակում հայտարարել է նամականիշի պատկերազարդման (դիզայնի) մրցույթ, որին մասնակցելու համար անհրաժեշտ է նամականիշի պատկերազարդումն իրականացնել հայկական հայտնի առասպելների մոտիվներով։ ՀայՓոստում նշել են, որ հաղթողը կպարգեւատրի 200 000 դրամով, ինչպես նաեւ նամականիշը կներկայացնի PostEurop-ի կողմից հայտարարվող միջազգային ամենամյա EUROPA նամականիշերի մրցույթին, որտեղ 2019 թվականին Հայաստանի նամականիշը (գյուղական ծիծեռնակ) զբաղեցրել էր առաջին, իսկ 2020-ին Գյումրին պատկերված նամականիշը՝ երկրորդ հորիզոնականը: «Նամականիշը փոստային վճարման պետական նշան է: Մեծ պատիվ է հանդիսանալ պետական այս խորհրդանիշների հեղինակ: Նամականիշների միջազգային «Եվրոպա» մրցույթը այս ոլորտի ամենահեղինակավոր մրցույթներից մեկն է, որին էլ կմասնակցի հաղթող նամականիշը: Այս տարվա մրցույթի թեման՝ ազգային առասպելներ, հեղինակներին թույլ կտա աշխարհին պատմել հայկական հին առասպելների եւ լեգենդների մասին, արտահայտել իրենց ստեղծագործական հնարավորությունները»,- ասել է ՀայՓոստի ֆիլատելիայի բաժնի ղեկավար Շուշան Ալեքսանյանը։Մրցույթին կարող են մասնակցել ֆիզիկական եւ իրավաբանական անձինք։ Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել նամականիշի մեկ կամ մի քանի էսքիզ (դիզայն) եւ մինչեւ 2022թ. փետրվարի 15-ը ուղարկել phil.design@haypost.am էլեկտրոնային փոստին: Հայտը պետք է պարունակի նամականիշի դիզայնի բարձր որակի լուսանկար՝ JPEG կամ PNG ձեւաչափով, մասնակցի անձը հաստատող փաստաթղթի էլեկտրոնային պատճեն, կոնտակտային հեռախոսահամարը։ Մրցույթի պայմաններին եւ ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերին հնարավոր է ծանոթանալ այս հղումով։ Tweet Դիտում՝ 1951