Երեւան /Մեդիամաքս/. Գրանթ Թորնթոն Ամիօ (GTA) ընկերության բաժնետեր, ֆինանսական հաստատությունների## աուդիտի բաժնի պատասխանատու Արմեն Հովհաննիսյանի հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանն ու Banks.am պորտալին- Ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ Հայաստանում գործող մոտ երեսուն աուդիտորական ընկերություններից ֆինանսական հաստատություններին իրենց ծառայություններն են մատուցում սահամանափակ թվով ընկերություններ: Այս առումով հետաքրքիր կլինի իմանալ, թե ֆինանսական շուկայի մասնակիցների ո՞ր մասն է օգտվում կոնկրետ Ձեր բաժնի ծառայություններից: - Մեր կողմից աուդիտի ենթարկվող ֆինանսական հաստատությունների գերակշռող մասը բանկերն են և վարկային կազմակերպությունները: 2007 թվականին մեր կողմից աուդիտի են ենթարկվել բանկերի 50%-ը և վարկային կազմակերպությունների մոտ 40%-ը: Բանկերին հիմնականում սպասարկում են երկու-երեք աուդիտորական ընկերություն, որոնք ունեն միջազգային ճանաչում, ինչը հիմնականում պայմանավորված է միջազգային կազմակերպությունների և ընկերությունների, ինչպես նաև արտաքին ներդրողների կողմից ներկայացվող պահանջներով: Ներդրումային և ապահովագրական կազմակերպությունները նույնպես, համաձայն օրենսդրական փոփոխությունների, պարտավոր են այսուհետ հրապարակել իրենց աուդիտի ենթարկված տարեկան հաշվետվությունները, ինչը բնականորեն մեծացնում է պահանջարկը աուդիտի շուկայում: Սակայն այս շուկայում մենք դեռևս այնքան էլ ակտիվ չենք, պայմանավորված նախ այն հանգամանքով, որ վերջիններիս հաշվետվությունների հրապարակման ժամանակաշրջանը հիմնականում համընկնում է ՀՀ բանկերի և վարկային կազմակերպությունների, ինչպես նաև ԱՊՀ երկրների բանկերի հաշվետվությունների հրապարակման ժամանակաշրջանին: Այսինքն դա մեր ամենազբաղված ժամանակաշրջանն է հանդիսանում, և երկրոդ, ներդրումային և ապահովագրական կազմակերպությունների մեծ մասը դեռևս պարտադրված չեն աուդիտ անցնել միջազգայնորեն ճանաչված ընկերության կողմից: -Դատելով ՀՀ 300 խոշոր հարկատուների ցուցակի տվյալներից Գրանթ Թորնթոն Ամիօ-ն հանդիսանում է ՀՀ աուդիտի շուկայի առաջատարը: Սակայն, ի տարբերություն անցյալ տարվա ցուցանիշների, այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով, այնուամենայնիվ, ավելի ցածր դիրք եք զբաղեցնում: Ինչո՞վ կբացատրեիք այդ հանգամանքը: - Ինչպես անցյալ տարի, այնպես էլ այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով մեր ընկերությունը զբաղեցնում է աուդիտի շուկայի առաջատարի դիրքը: Միևնույն ժամանակ, ինչպես ճիշտ նկատեցիք, 2008 թվականի առաջին վեց ամիսների տվյալներով նշված ցուցակում զիջել ենք մեր դիրքը մոտ 50 կետով: Եվ սա չնայած այն հանգամանքին, որ նախորդ տարվա համեմատ մենք գործում ենք շրջանառության 30 տոկոսը գերազանցող աճով: Կարծում եմ այստեղ բացատրությունը մեկն է. ներկայիս կառավարության կողմից որդեգրած և իրագործվող տնտեսական ու ֆինանսական բարեփոխումների քաղաքականության արդյունքում կրճատվել է ստվերային տնտեսությունը, ինչն էլ հիմք է հանդիսացել դիրքերի նշված փոփոխության համար:- Վերջերս շատ է խոսվում ֆինանսական ոլորտը կանոնակարգող չափանիշների անկատարության մասին: Ի՞նչ կարծիք ունեք այս հարցի շուրջ: - Հաշվապահական և աւդիտորական ոլորտը կանոնակարգող օրենսդրական դաշտը, մեղմ ասած, այսօր հեռու է կատարելությունից: Դրա պատճառն, իմ համոզմամբ, այն է, որ հասարակական մասնագիտական կառույցները Հայաստանում թույլ են զարգացած կամ նման հնարավորություններ նրանք այսօր չունեն: Որպես հետևանք` մենք ունենք հաշվապահական ստանդարտներ, որոնք անհուսալիորեն հետ են մնացել հաշվապահական միջազգային ստանդարտներից, ինչը լրացուցիչ ծախսերի և դժվարությունների պատճառ է հանդիսանում միջազգային շուկաներում գործող մեր բանկերի, ֆինանսական և այլ կազմակերպությունների համար: Աուդիտի ոլորտը կանոնակարգող ստանդարտներ այլևս ընդունելի չեն միջազգային համապատասխան կառույցների կողմից: Էլ չեմ խոսում այս ոլորտում որակավորման քննությունների մասին, որոնք աբսուրդային են իրենց բնույթով և բովանդակությամբ, չեն համապատասխանում աուդիտի ոլորտը միջազգայնորեն կարգավորող Հաշվապահների Միջազգային Դաշնության, ինչպես նաև Եվրամիության թիվ 8 Դիրեկտիվի կրթական ստանդարտների պահանջներին, որով այսօր առաջնորդվում են ոչ միայն եվրոպական երկրները, այլ նաև Ռուսաստանը, Ուկրաինան, Վրաստանը և այլն: Նշվածն, իմիջիայլոց, արդեն սեպտեմբերին կարող է ունենալ իր բացասական հետևանքները, ինչի մասին մենք դեռևս վեց ամիս առաջ տեղյակ ենք պահել ՀՀ կառավարությանը և ՀՀ ֆինանսների նախարարությանը: Այնուամենայնիվ, ուրախալի է, որ ֆինանսական ոլորտում իրականացվող բարեփոխումները վերջապես առնչվեցին նաև աուդիտի ոլորտին, և վերջերս ՀՀ ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ ՀՀ աուդիտորների հետ կայացած հանդիպմանը քննարկվեց ստեղծված իրավիճակը և դրանից դուրս գալու ելքերը: Մեր մոտեցումն այն է, որ անցումը կրթական նոր չափանիշներին անխուսափելի և անհրաժեշտ գործընթաց է, ինչը, բնականաբար, կպահանջի նախապատրաստական որոշ ժամանակ: Այս առումով բավականին մեծ գործ է կատարել Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիան, ինչի շնորհիվ էլ այդ կազմակերպությունը դարձել է Հաշվապահների Միջազգային Դաշնության թղթակից անդամ: Լիիրավ անդամ դառնալու և, հետևաբար, նաև հաշվապահների և աուդիտորների միջազգային հանրությանը ինտեգրվելուն խանգարում են վերոնշյալ կարգի չլուծված հարցերը և ասոցիացիային համապատասխան լիազորություններով չապահովելու խնդիրը: Մինչև նշված հարցերի կարգավորումը, մեր կարծիքով պետք է ստեղծվեն համապատասխան հնարավորություններ, որպեսզի փաստացի գործող աուդիտորները կարողանան անխափան շարունակել իրենց գործունեությունը: Իսկ միջազգային համապատասխան որակավորում ունեցող աուդիտորները ավտոմատ կերպով ստանան այդ հնարավորությունը, այլ ոչ թե նախկինի պես ստեղծվեն արհեստական լրացուցիչ խոչընդոտներ` աբսուրդ քննություններով և արդեն վաղուց չգործող ստանդարտների հարցաշարերով:Նշված խնդիրներն առավել կարևորվում են, եթե նկատի ունենանք կառավարության կողմից որդեգրած ֆինանսական բարեփոխումների կուրսը և տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դառնալու միտումը: - Ի դեպ, հնարավոր համարու՞մ եք Հայաստանը ֆինանսական կենտրոնի վերածելու շրջանառվող գաղափարը: - Ցանկացած գաղափար հնարավոր է ի կատար ածել, եթե գոյություն ունի հստակ մշակված ծրագիր, երկրի ղեկավարության մակարդակով պատրաստակամություն և պետության յուրաքանչյուր քաղաքացու կողմից հավատ և նվիրվածություն: Հասկանալի է, որ դա երկարատև աշխատանք կպահանջի, և դրա հիմնական շարժիչ ուժը կհանդիսանան մեր նոր սերնդի ներկայացուցիչները:Իմ կարծիքով, արդեն իսկ այսօր առկա են լուրջ նախադրյալներ նշված գործընթացը սկսելու համար: Դրանց թվին կարելի է դասել հայկական սփյուռքի միջոցների հավաքագրման հնարավորությունը, դրամային փոխանցումների միջազգային համակարգերի առկայությունը, ՀՀ առևտրային որոշ բանկերի ներգրավվածությունը ԱՊՀ և միջազգային ֆինանսական խոշոր խմբերում, հայաստանյան աուդիտորական և խորհրդատվական որոշ կազմակերպությունների կողմից ԱՊՀ, եվրոպական և ասիական շուկաներ ֆինանսական ծառայությունների արտահանման փաստը: Ու քանի որ տարածաշրջանում ֆինանսական կենտրոն դառնալու ցանկություն արտահայտել են նաև մեր որոշ հարևան երկրները, իմ կարծիքով առաջնահերթ պետք է համարվի համապատասխան օրենսդրական դաշտի ձևավորման խնդիրը: Առաջնահերթ է նաև համապատասխան կրթական ծրագրերի իրականացումը, որտեղ մեր առավելությունն այսօր արդեն ակնհայտ է մեր հարևանների նկատմամբ: Tweet Դիտում՝ 7524