Նոյեմբերի 27-ին ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի կունենա CaseKey Business Case Competition 2021 մրցույթի Գալա միջոցառումը։Այն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ՄԱԶԾ Կոլբա լաբի «Ապագան այսօր. Կանանց, երիտասարդների եւ երեխաների հզորացում հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման» նախագծի շրջանակում: CaseKey Business Case-ը ձեռներեցության մրցույթ է ուսանողների եւ երիտասարդ մասնագետների միջեւ, որի նպատակն է խթանել հայկական բիզնես էկոհամակարգի եւ կրթական հաստատությունների համագործակցությունը եւ բացահայտել պայծառ ու կրեատիվ երիտասարդներին՝ պրակտիկ խնդիրներին լուծումներ գտնելու եւ հետագայում իրագործելու միջոցով։ 7 ամիս տեւողությամբ ծրագրին մասնակցել է շուրջ 110 երիտասարդ՝ ընտրված Հայաստանի տարբեր բուհերի շուրջ 300 դիմորդներից։ Ծրագրի ընթացքում նրանք սովորել են կիրառել իրենց ակադեմիական գիտելիքներն իրական բիզնես խնդիրների լուծման նպատակով։ Մասնակիցների խմբերին կցվել է 1 կամ 2 մարզիչ (քոուչ)՝ մասնակիցներին ուղղորդելու նպատակով։ Կրթական ծրագրի ավարտին թիմերը ստացել են գործող հայկական բիզնեսից իրական խնդիր, որի համար ունեցել են 72 ժամ իրենց լուծումները պատրաստելու եւ ներկայացնելու համար։ Ոլորտի մասնագետներից բաղկացած հանձնաժողովը ներկայացված լուծումներից ընտրելու է լավագույն 8 լուծումները ներկայացրած թիմերին, որոնք գալա միջոցառման ժամանակ պետք է պաշտպանեն իրենց լուծումները պրոֆեսիոնալ ժյուրիի ներկայությամբ։ Բացի ուսանողներից, ծրագրին մասնակցել են Հայաստանի բիզնես ոլորտը ներկայացնող 15 խոսնակ, 15 առաջատար կրթական հաստատություն եւ բազմաթիվ մասնավոր ընկերություններ տարբեր ոլորտներից։ Գալա միջոցառման հաղթող թիմը հնարավորություն կունենա առաջին անգամ ներկայացնել Հայաստանն ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում կայանալիք բիզնես գործերի միջազգային մրցույթում։ Միջոցառմանը ներկա կլինեն մի շարք ներկայացուցիչներ ինչպես Հայաստանի բիզնես եւ խորհրդատվական ոլորտից, այնպես էլ կրթական հաստատություններից։ Միջոցառմանը ներկա կլինի ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։ Tweet Դիտում՝ 1485