Արագածոտնի մարզում շահագործման է հանձնվել 4 ՄՎտ հզորությամբ արեւային էլեկտրակայան

24.11.2021 | 11:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամբեր Կապիտալ Արմենիա #ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամ #արեւային էլեկտրակայան
Մասնավոր բաժնետիրական ներդրումներ կատարող ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամը, որը  կառավարվում է Ամբեր Կապիտալ Արմենիայի կողմից եւ հովանավորվում է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ու Եվրոպական միության (ԵՄ) կողմից, Պարտիզակ համայնքում (Արագածոտնի մարզ) շահագործման է հանձնել 4 ՄՎտ հզորությամբ ֆոտովոլտային (ՖՎ) արեւային էլեկտրակայան։

Էլեկտրակայանը պատկանում է «Սոլիս» ՍՊԸ-ին, որը հիմնադրամը ձեռք է բերել 2020 թվականի վերջին՝ որպես արեւային էլեկտրակայան կառուցելու եւ շահագործելու լիցենզիա ունեցող ընկերություն։ Շինարարական աշխատանքներն իրականացրել է «Էկովիլ» ընկերությունը, իսկ ծրագրի ֆինանսավորումը տրամադրվել է Ամերիաբանկի կողմից։

Էլեկտրակայանի տարեկան ակնկալվող ընդհանուր արտադրությունը մոտ 7.8 ԳՎտժ է, որը համարժեք է 2,000 տնային տնտեսության տարեկան էլեկտրաէներգիայի սպառմանը։ Էլեկտրակայանի աշխատանքի արդյունքում ածխաթթու գազի արտանետումների խնայողությունը կազմելու է տարեկան մոտ 3,200 տոննա՝ համարժեք մոտավորապես 120,000 ծառ տնկելուն կամ 1,000 մեքենա ճանապարհներից դուրս բերելուն: Շինարարական աշխատանքների ընթացքում տեղական համայնքի համար ստեղծվել է մոտ 100 աշխատատեղ՝ նպաստելով գյուղական բնակավայրերի զարգացմանը:

Ի լրումն Հայաստանի կանաչ օրակարգի խթանմանը, կայանը նպաստում է երկրի էներգետիկ համակարգը վերահավասարակշռելուն՝ նվազեցնելով կախվածությունը ներմուծվող էներգիայի աղբյուրներից եւ երկիրը դնելով էկոլոգիապես մաքուր ու կայուն ապագայի հիմքերի վրա:



«Մեր առաջին արեւային կայանի շահագործումը կարեւոր ձեռքբերում է հիմնադրամի ներդրումային ռազմավարության համար, որի հիմնական բաղադրիչներից մեկն է Հայաստանում բնապահպանական եւ սոցիալական կառավարման ամենաբարձր չափանիշներով վերականգնվող էներգիայի առաջատար պորտֆել ստեղծելը: Չնայած COVID-19 համաճարակի հետեւանքով առաջացած դժվարություններին՝ նախագիծն ավարտվեց յոթ ամսից քիչ ժամանակահատվածում՝ շրջակա միջավայրի, առողջության եւ անվտանգության չափանիշների խստիվ պահպանմամբ: Մենք շատ գոհ ենք արդյունքներից եւ ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Էկովիլի եւ Ամերիաբանկի մեր գործընկերներին հաջող համագործակցության համար: Վերականգնվող էներգիան մնում է Ամբեր Կապիտալի առաջնահերթություններից մեկը, եւ մենք կշարունակենք ներդրումներ կատարել այս ոլորտում՝ օգնելով Հայաստանին անցում կատարել դեպի ցածր ածխածնային, կենսունակ տնտեսություն»,- նշել է Ամբեր Կապիտալ Արմենիայի գործադիր տնօրեն Անուշավան Սիմոնյանը:
Դիտում՝ 5345
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW