ՀԲՄ-ն ներկայացրել է բանկային համակարգի 3-րդ եռամսյակի տվյալները

05.11.2021 | 14:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԲՄ #Արման Սարգսյան #ցուցանիշներ
Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) գործադիր տնօրենի տեղակալ Արման Սարգսյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է բանկային համակարգի  3-րդ եռամսյակի ամփոփ տվյալները:

Համաձայն ներկայացված վիճակագրության՝ ընթացիկ տարվա առաջին 9 ամիսների ընթացքում ՀՀ տարածքում գործող 17 առեւտրային բանկերի ընդհանուր կապիտալն ավելացել է շուրջ 37 մլրդ դրամով (4.2%)՝ առաջին կիսամյակի համեմատ աճելով շուրջ 12 մլրդ դրամով (1.3%):

«Աճը հիմնականում պայմանավորված է նրանով, որ նախորդ տարվա իրադարձությունների համատեքստում բանկերի շահույթներից եւ սեփականատերերի կողմից միջոցներ են ուղղվել կապիտալի ավելացման ուղղությամբ»,- նշել է Արման Սարգսյանը:



Ընդհանուր ակտիվներն աճել են շուրջ 248 մլրդ դրամով (3.7%)՝ առաջին կիսամյակի համեմատ աճելով 115 մլրդ դրամով (1.7%):

2021թ.-ի 9 ամիսների ընթացքում վարկային ներդրումները նվազել են շուրջ 279 մլրդ դրամով (6.7%), իսկ առաջին կիսամյակի համեմատ՝ շուրջ 26 մլրդ դրամով (0.7%):

Առեւտրային բանկերի ընդհանուր վարկային պորտֆելի 47%-ը (1 838 մլրդ դրամ) տնտեսությանը տրված վարկերն են, 43%-ը՝ (1 679 մլրդ դրամ) ֆիզանձանց վարկերը եւ 10%-ը՝ (446 մլրդ դրամ) այլ ֆինանսական կազմակերպություններին տրված վարկերն են եւ նրանցից ներգրավված ավանդները:

Հաշվետու ժամանակահատվածում մասնավորապես հիփոթեքային, շինարարության եւ գյուղատնտեսության վարկավորման ծավալների աճը պայմանավորված է այս ոլորտներում ակտիվության բարձրացման հետ: Վարկերի կառուցվածքում մի շարք վարկատեսակների մասով վարկավորման ծավալների նվազումն էլ պայմանավորված է մի շարք տնտեսական գործոններով, այդ թվում՝ համավարակով պայմանավորված տնտեսության ոլորտային վերադասավորումներով:

Անդրադառնալով ընդհանուր վարկերում դրամով եւ արտարժույթով վարկերի մասնաբաժնին՝ Արման Սարգսյանը տեղեկացրել է, որ շարունակվում է պահպանվել տենդենցը, երբ դրամով վարկերի ծավալը գերազանցել է արտարժույթով վարկերի ծավալին: Մասնավորապես՝ ընդհանուր վարկերում դրամով վարկերի մասնաբաժինը կազմում է 54%, արտարժույթով վարկերինը՝ 46%:

Ընթացիկ տարվա 3-րդ եռամսյակի տվյալներով՝ ընդհանուր պարտավորություններն ավելացել են շուրջ 213 մլրդ դրամով (3.7%), ընդհանուր ավանդները` շուրջ 145 մլրդ դրամով (3.9%):

«Ռեզիդենտների ավանդներն ավելացել են շուրջ 295 մլրդ դրամով (11%), իսկ ընթացիկ տարվա առաջին կիսամյակի համեմատ՝ 134 մլրդ դրամով (4.7%): Ոչ ռեզիդենտների ավանդները նվազել են շուրջ 149 մլրդ դրամով կամ 14.4%-ով, ընթացիկ տարվա առաջին կիսամյակի համեմատ՝ 48 մլրդ դրամով կամ 5.1%-ով: Կապված անորոշության փաստով՝ ոչ ռեզիդենտների ավանդների նվազման միտում գրանցվել է ոչ միայն մեր, այլեւ մի շարք այլ երկրների բանկային համակարգերում: Դրամով եւ արտարժույթով ավանդների մասով պետք է նկատել, որ դեռեւս 2009թ. արտարժույթով ավանդների ծավալը կազմում էր 73%, իսկ ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի վերջի դրությամբ այն կազմել է 51%: Այստեղ երեւում է այն միտումը, որ արտարժութային ավանդի մասնաբաժինն իր տեղն է զիջում դրամով ավանդներին»:

Հաշվետու ժամանակահատվածում բանկային համակարգի կողմից թողարկված արժեթղթերի մնացորդն աճել է շուրջ 6 մլրդ դրամով կամ 1.4%-ով:

2021թ.-ի երրորդ եռամսյակում բանկայի համակարգն ապահովել է 66.3 մլրդ դրամի շահույթ, որը 2020թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է շուրջ 7.7 մլն դրամով կամ 13.1%-ով:

Հաշիվներ

2021թ.-ի հուլիսին բանկերի հաճախորդների թիվն 2020թ.-ի դեկտեմբերի համեմատ ավելացել է` 95 183-ով կամ 2.9%-ով: Ֆիզիկական անձինք` 90 202-ով կամ 2.9%-ով, իրավաբանական անձինք՝ 4 981-ով կամ 4.7%-ով:

2021թ.-ի հուլիսին հաճախորդների հաշիվներն 2020թ.-ի դեկտեմբերի համեմատ ավելացել են՝ 270 487-ով կամ 4.3%-ով: Ֆիզիկական անձանց հաշիվներն ավելացել են 257 303-ով կամ 4.3%-ով, իրավաբանական անձանց հաշիվներն ավելացել են 13 157-ով կամ 5.7%-ով:

Հիշեցնենք, որ եթե մեկ հաճախորդը հաշիվներ ունի մեկից ավելի բանկերում, ապա նույնքան անգամ ներառվում է հաճախորդների թվի մեջ

Քարտեր

Ընթացիկ տարվա 8 ամիսների ընթացքում բանկերի կողմից թողարկված քարտերի քանակն ավելացել է 112 859-ով՝ կազմելով 2 մլն 609 454:

Փոխանցումներ

Ասուլիսի շրջանակում ներկայացվել են նաեւ տվյալներ բանկային համակարգի միջոցով ֆիզանձանց փոխանցումների վերաբերյալ: Մասնավորապես՝ ընթացիկ տարվա օգոստոս ամսվա դրությամբ արտասահմանից ստացումների ծավալը 2020թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է շուրջ 252 մլն դոլարով (3.2%):  Արտասահման փոխանցումների ծավալը 2020թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է շուրջ 40 մլն դոլարով (5.5%): Նշված ժամանակահատվածում ֆիզիկական անձանց փոխանցումների (զուտ ներհոսքի) ծավալը 2020թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է շուրջ 212 մլն դոլարով (58.2%):
Դիտում՝ 3636
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW