Համագործակցություն՝ ՊԵԿ-ի եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ

26.10.2021 | 13:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #AFD #հարկային բարեփոխումներ
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) եւ Զարգացման ֆրանսիական գործակալությունը (AFD) հարկային բարեփոխումներին ուղղված ծրագիր են իրականացնում:

ՊԵԿ-ում նշել են, որ համագործակցությունը մեկնարկել է Հայաստանի կառավարության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ 2018-ին ստորագրված դրամաշնորհային համաձայնագրով:

2019-ին «Էքսպերտիզ Ֆրանս» կազմակերպության եւ ՊԵԿ միջեւ կնքվել է պայմանագիր, որով սկիզբ է դրվել տեխնիկական աջակցության ծրագրին։ «Աջակցություն ՀՀ հարկային վարչարարությանը» ծրագրի նպատակն է օժանդակել ՊԵԿ-ին 2020-2024 թվականների զարգացման եւ վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի իրականացման գործում:

Տեխնիկական աջակցության ծրագիրը կենտրոնացած է մի քանի բաղադրիչների վրա.

1. Աջակցել Պետական եկամուտների կոմիտեին՝ ավելի լավ պատկերացում կազմելու Հայաստանի ոչ ֆորմալ տնտեսության մասին՝ գնահատելով հարկային ճեղքը։

2․ Օժանդակել Պետական եկամուտների կոմիտեին ներքին եւ արտաքին տեղեկատվության մոբիլիզացման ու վերլուծության գործում՝ ՊԵԿ տվյալների շտեմարանի ընդլայնմամբ եւ ռիսկերի քարտեզագրման մշակմամբ։ Այս բաղադրիչի շրջանակում 2020-ի փետրվարին ձեւավորվել է ֆրանս-հայկական համատեղ 2 աշխատանքային խումբ՝ «Ռիսկերի վերլուծություն եւ տվյալների շտեմարանի (datamining) ինտեգրում» եւ «Միջազգային հարկային կեղծիքի դեմ պայքար»:

«Ռիսկերի վերլուծություն եւ տվյալների շտեմարանի (datamining) ինտեգրում» աշխատանքային խմբի նպատակն է հզորացնել ՊԵԿ ռիսկերի վերլուծության համակարգը: Այս շրջանակներում ՊԵԿ-ի գործող համակարգում փորձարկվել են Ֆրանսիայում գործարկվող «Սիրիուս Պրո» համակարգում առկա ռիսկերի վերլուծության միջազգային մի քանի բանաձեւեր եւ արդյունքում հայտնաբերվել են ռիսկային հարկ վճարողներ:

3․ 3-րդ բաղադրիչով նախատեսվել է օժանդակություն Պետական եկամուտների կոմիտեին՝ Հայաստանում շահումով խաղերի ոլորտի վերահսկողությունը կարգավորելու գործում։ Աջակցությունն իր մեջ ներառում է ոլորտի վերլուծություն, խաղատներին համապատասխան լիցենզիաների տրամադրման հարցում օժանդակություն, օպերատորների վերահսկողություն եւ շուկայի մոնիթորինգ: ՊԵԿ-ի կողմից Հայաստան են հրավիրվել փորձագետներ՝ վերլուծելու Հայաստանում իրավիճակը եւ ներկայացնելու ոլորտը կարգավորելու պահանջները: Պայմանագրով նախատեսված 17 ստանդարտ (տեխնիկական առաջարկներ) տրամադրվել է փորձագետների կողմից, որոնք վավերացվել են ՊԵԿ-ի կողմից:

4․ 4-րդ բաղադրիչի շրջանակներում նախատեսվում է ներդնել հարկային կարգապահության ռիսկերի գրանցամատյանի ծրագրային ապահովման համակարգ։
«Աջակցություն ՀՀ հարկային վարչարարությանը» ծրագրի շրջանակներում Պետական եկամուտների կոմիտեին են ներկայացվել նաեւ ստուգումների վերաբերյալ Ֆրանսիայում գործող օրենսդրական եւ ադմինիստրատիվ կարգավորումները, որոնք ստուգումները Հայաստանում առավել նպատակային ու արդյունավետ կդարձնեն:

Դիտում՝ 1369
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW