Ինեկոբանկի ու Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) միջեւ կնքված EBRD SMEC ծրագրի շրջանակում նախատեսվում է ներգրավել 5 մլն ԱՄՆ դոլար, որն ուղղված կլինի ՓՄՁ-ների մրցունակության բարձրացմանը, մասնավորապես՝ էներգաարդյունավետ եւ վերականգնվող էներգիայի ներդրումների խթանման միջոցով։ Տվյալ ծրագրի շրջանակում մատչելի ֆինանսավորման հետ մեկտեղ Ինեկոբանկի հաճախորդները հնարավորություն կունենան նաեւ ստանալ մինչեւ 15% դրամաշնորհ Եվրոպական միությունից, որն էլ ավելի կխթանի նոր տեխնոլոգիաների կիրառումը ՓՄՁ-ների շրջանում։«Փոքր եւ միջին ձեռնարկությունները հանդիսանում են երկրի տնտեսության շարժիչ ուժը եւ Ինեկոբանկը մշտապես կարեւորում է վերջիններիս խթանմանն ուղղված ներդրումները: Այս գործընթացներում իր ուրույն տեղն ունի մեր վաղեմի գործընկեր ՎԶԵԲ-ը, որի հետ համագործակցությունն ավելի քան 15 տարվա պատմություն ունի»,- նշել է Ինեկոբանկի գործադիր տնօրեն Արեն Նալթակյանը։ Նոր ծրագրի գլխավոր նպատակներից մեկն է օգնել տեղական բիզնեսներին բարելավել մատուցվող ծառայությունների եւ արտադրանքի որակը՝ համապատասխանեցնելով վերջիններս եվրոպական բարձր ստանդարտներին: Սա հնարավորություն կտա Ինեկոբանկի բիզնես հաճախորդներին մրցունակ լինել եվրոպական շուկաներում որպես արտահանող։ Ծրագրի շրջանակում ՓՄՁ-ները նաեւ տեխնիկական խորհրդատվություն ստանալու հնարավորություն կունենան, ինչի արդյունքում հնարավոր կլինի բացահայտել լրացուցիչ հեռանկարային ներդրումային ուղղություններ, որոնք կնպաստեն բիզնեսի արդյունավետության եւ որակի բարձրացմանը։Օտարերկրյա ներդրումները կարեւորագույն ազդեցություն ունեն ինչպես առանձին տնտեսվարողների, այնպես էլ ամբողջ երկրի տնտեսության համար։ 2005թ.-ից ցայսօր Ինեկոբանկը ՎԶԵԲ-ից ներգրավել է շուրջ 100 մլն ԱՄՆ դոլարի միջոցներ, որոնք ուղղվել են հիմնականում փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման ծրագրերի ֆինանսավորմանը։ Համագործակցության շրջանակում իրականացվել են մի շարք ծրագրեր, որոնցից առանձնանում են հատկապես կլիմայի համարվողականությանը եւ բնական ռեսուրսների խնայողաբար օգտագործմանն ուղղված ծրագրերը։ «Վերջին շրջանում հատկապես շատ ակտիվ համագործակցում ենք կանաչ ֆինանսավորման ոլորտում եւ ՎԶԵԲ աջակցությամբ մեկ այլ ծրագրի շրջանակում միայն 2021թ․-ին արդեն իրականացրել ենք ՓՄՁ-ների ավելի քան 5 մլն ԱՄՆ դոլարի էներգախնայող եւ վերականգնվող էներգիային ուղղված նախագծերի ֆինանսավորում: Վստահ ենք, որ այս ծրագիրը եւս կնպաստի մեր ՓՄՁ հաճախորդների արդյունավետության բարձրացմանը»,-ասել է Ինեկոբանկի Կորպորատիվ բիզնեսի տնօրեն Արտեմ Չիչյանը։Հայաստանում ՎԶԵԲ-ի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն նշել է․ «Այս նոր ֆինանսավորումը կբարելավի հայաստանյան ձեռնարկությունների մրցունակությունը՝ օգնելով նրանց ներդրումներ կատարել ժամանակակից տեխնոլոգիաներում: Դա ընկերություններին թույլ կտա ամրապնդվել տեղական մակարդակում եւ օգտվել միջազգային առեւտրի հնարավորություններից»:Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը ասել է․ «ԵՄ-ն հանձնառու է աջակցել փոքր բիզնեսին՝ համաձայն Արեւելյան գործընկերության տնտեսական եւ ներդրումային ծրագրի եւ ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի: «ԵՄ-ն՝ բիզնեսի համար-ՎԶԵԲ վարկային գիծ» ծրագիրը կաջակցի կանաչ բիզնեսներին, որոնք, մեր կարծիքով, Հայաստանի ապագան են: ԵՄ-ի ընդհանուր ներդրումը «ԵՄ-ն՝ բիզնեսի համար-ՎԶԵԲ վարկային գիծ» ծրագրում, որը ներառում է տարբեր հայկական բանկեր, կազմում է 6 միլիոն եվրո»: Tweet Դիտում՝ 3853