Հայաստանից Ռուսաստան առաքանիների քանակն ավելացել է 203%-ով

24.09.2021 | 17:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀայՓոստ #Մաքսիմ Ակիմով #Հայկ Կարապետյան
Ռուսաստանի Փոստի միջոցով Հայաստան առաքված ապրանքային ներդրանքով առաքանիների թիվն անցյալ տարում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 90%-ով։ Նշված ամբողջ ժամանակահատվածում ընկերությունն առաքել է ավելի քան 36 000 առաքանի։

Դեպի Հայաստան արտահանման ընդհանուր ծավալներում աճի ամենաարագ տեմպով աչքի են ընկնում ծանրոցները․ մեկ տարվա ընթացքում դրանց քանակն ավելացել է գրեթե 5 անգամ՝ 4600-ից հասնելով 22 200-ի։ Հայաստանից Ռուսաստան ուղարկված ծանրոցների եւ մանր կապոցների թիվն ավելացել է 3 անգամ՝ հասնելով 29 000-ի։

Հայաստանից Ռուսաստան առաքումների ընդհանուր ծավալներն աճել են 8 անգամ՝ 15 տոննայից հասնելով 126 տոննայի, հատկապես՝ խոշոր աճ է նկատվում ծանրոցների/կապոցների ծավալներում․ դրանք ավելացել են 10 անգամ։

«Ռուսաստանի Փոստի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների շարքում ամենաարագ աճող արտահանման ուղղությունը Հայաստանն է։ Համեմատության համար կարելի է նկատել, որ Ռուսաստանի փոստի կողմից ԵԱՏՄ երկրներ ուղարկված առաքանիների թիվը 2021 թվականի 9 ամսվա ընթացքում աճել է 14%-ով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Երկրների միջեւ ապրանքափոխանակությունը մեծացնելու նպատակով Ռուսաստանի Փոստը եւ ՀայՓոստը համաձայնության են եկել Հայաստանից Ռուսաստան եւ հակառակ ուղղությամբ առաքման սակագների գրեթե եռապատիկ նվազեցման մասին։ 2020թ․ դեկտեմբերից «Երկու մայրաքաղաքների սակագների» համաձայն ուղարկված մինչեւ 1 կգ․ քաշով ծանրոցների առաքումը Ռուսաստանից Հայաստան եւ Հայաստանից Մոսկվա ու Մոսկվայի մարզ արժե 420 ՌԴ ռուբլի՝ ԱԱՀ-ն ներառյալ (2950 դրամ)։ Յուրաքանչյուր լրացուցիչ կիլոգրամի համար հավելավճարը կազմում է 180 ՌԴ ռուբլի (1250 դրամ)։ Հայաստանից Ռուսաստանի մյուս բոլոր մարզեր առաքումն արժե 860 ռուբլի (6000 դրամ) մինչեւ 1 կգ․ քաշով ծանրոցների դեպքում եւ 215 ռուբլի (1500 դրամ) յուրաքանչյուր լրացուցիչ կիլոգրամի համար։

«Առաքման սակագների նվազեցումը դեպի ԵԱՏՄ երկրներ, ռուսական ապրանքների արտահանման խթանման ուղղությամբ Ռուսաստանի Փոստի մեծ ծրագրի մի մասն է։ Եվ մենք ուրախ ենք, որ մեր աշխատանքն այդ ուղղությամբ նման լավ արդյունքներ է ապահովում։ Հուսով ենք, որ առաքման մատչելի սակագները կշարունակեն հետագայում եւս նպաստել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառության աճին եւ աջակցել մեր արտահանողներին»,- ասել է «Ռուսաստանի Փոստ» ընկերության գլխավոր տնօրեն Մաքսիմ Ակիմովը։

«Ուրախ ենք, որ մեր ընկերությունների միջեւ համագործակցությունը մեծ տեմպերով է զարգանում։ Հաշվի առնելով, որ Ռուսաստանի փոստը շուկայի խոշորագույն խաղացողն է եւ մեր ռազմավարական գործընկերը, աճի տեմպերը կպահպանվեն առաջիկայում եւս։ Ակնհայտ է, որ մեր փոխհարաբերությունների ներուժը սպառված չէ, ինչի մասին է վկայում հայկական ապրանքների արտահանման շարունակական աճը դեպի ռուսական շուկա: Մենք ակնկալում ենք աճ նաեւ վաճառքների ոլորտում՝ ռուսական կոմերցիոն հարթակների հետ համագործակցության շրջանակներում, ինչպիսիք են Օզոնը, Wildberries-ը, AliExpress-ը, որոնք Ռուսաստանի փոստի միջոցով  ապրանքներ են ուղարկում Հայաստան»,- նշել է ՀայՓոստի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը։
Դիտում՝ 2243
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW