ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) մաքսային գործընթացներն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակ տեղափոխելու նպատակով համագործակցություն է սկսել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ։Ձեւավորված աշխատանքային խումբն արդեն սկսել է ուսումնասիրել ներկայում գործող մաքսային գործընթացները, առկա խնդիրները, դիտարկել դրանք լուծելու վերաբերյալ ՊԵԿ տեսլականը եւ կատարել կարիքների գնահատում։ Խմբում ներգրավված միջազգային փորձագետի հետ հանդիպմանը ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը հայտնել է, որ կոմիտեն շարժվում է մաքսային գործընթացների թվայնացման ճանապարհով։ Բոլոր նախագծերի ավարտին ակնկալվում է ունենալ ամբողջովին նոր մաքսային ծառայություն: Այսինքն՝ ապրանքը մաքսազերծելիս տնտեսվարողը կամ նրա ներկայացուցիչն այլեւս մաքսային ծառայողների հետ անմիջական շփում չեն ունենալու․ թղթաբանությանն ու մաքսատուն այցելություններին փոխարինելու են առցանց գործընթացները։ Նախատեսվում է, որ կարիքների եւ միջազգային փորձի վերլուծության հիման վրա ՎԶԵԲ գործընկերները կառաջարկեն մաքսային գործընթացների թվայնացման լավագույն մոդելը։Նախագծի ավարտին կմշակվի բարեփոխումների ռազմավարությունը ֆինանսական հիմնավորումներով ամփոփող փաստաթուղթ։ Tweet Դիտում՝ 1436